18/05/2024

Ո՞ւմ վրա է պատրաստվում «յաբախտի» պատգամավոր դարձած ՊՈՒ-ականը շպրտել մանդատը՝ ժողովրդի՞

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը թեև շուրջ երեք տարի է՝ պատգամավոր է, սակայն, ինչպես երևում է, պատկառանք չունի իրեն տրված մանդատի նկատմամբ, այն աստիճան, որ պատրաստ է շպրտել այն։

Տիկինն օրերս խրոխտ հայտարարել է, թե «միակ պրոբլեմն ԱԺ-ում մնալու՝ երաշխավորված ձայն լինելն է Նիկոլի դեմ, եթե իմ փոխարեն մեկը գա, որ ավելի երաշխավորված ձայն կլինի, սիրով իմ մանդատը կշպրտեմ, հատկապես, որ ինձ խիստ տհաճ է այդտեղ լինել»։

Ընդ որում, Մկրտչյանն այդ բառը՝ «շպրտել», երկու անգամ է կրկնել՝ հոլովելով այն մանդատ բառի կողքին։ Ընդդիմադիր սույն տիկնոջը թվում է, թե մանդատը թղթի անարժեք կտոր է, որը կարելի է շպրտել, փաստորեն, այն տվող սուբյեկտի՝ ժողովրդի երեսին։ ՀՀԿ-ական սույն տիկնոջ այս քամահրական վերաբերմունքի պատճառը ենթադրաբար այն է, որ նրա հարազատ կուսակցությունը նախկինում մանդատներին տիրացել է ոչ թե ժողովրդի կողմից ստանալու, այլ՝ ժողովրդից գողանալու, ժողովրդի ընտրական իրավունքը բռնաբարելու, ժողովրդի կամքը արհամարհելու արդյունքում։

Հետևապես, այն, ինչը ձեռք է գցվել «հարամ» ճանապարհով, կարելի է առանց սրդողածության անարգել՝ շպրտել, վառել, պատռել, բզկտել, լավագույն դեպքում՝ նվիրել։ Իշխան Սաղաթելյանը լիներ՝ կասեր՝ Աննա ջան, մանդատը հորդ տնից չես բերել, որ ինչ ուզես՝ անես։ Նշենք մի կարևոր հանգամանք ևս՝ «Պատիվ ունեմ» դաշինքը և դրա ցուցակի երրորդ համար Աննա Մկրտչյանը խորհրդարան են անցել ինչպես ժողովուրդը կասեր՝ «յաբախտի», հանգամանքների բերումով՝ դաշինքը (որը փլուզվեց ցուցակի առաջին համար Արթուր Վանեցյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո) չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը՝ ստանալով ձայների՝ պատիվ չբերող տոկոս՝ 5,23։ Երկու նախկին ԱԱԾ-ականների՝ Սերժ Սարգսյանի և Աթուր Վանեցյանի գործակցության արդյունքում ծնված դաշինքը, սակայն խորհրդարան անցավ իրավունքի ուժով՝ որպես երրորդ տեղը գրաված քաղաքական ուժ: