21/05/2024

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն արձագանքել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի այն մեղադրանքներին, թե Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափում է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքները:

Ղազարյանը այս հայտարարությունը համարել է ոչ օբյեկտիվ և Եսայի քահանա Արթենյանին հրավիրել հյուր։

Ավելի վաղ Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասը հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, թե «վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը»։

Այս հայտարարությանը հետևել էր իշխող ուժի անդամների արձագանքը, որոնք պնդել էին՝ այն մանիպուլյատիվ է, քանի որ Հայաստանը իր սուվերեն տարածքից չի պատրաստվում ոչ մի միլիմետր հանձնել որևէ մեկին:

Մասնավորապես վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակներում ասել էր, որ վաղուց անցել է գավառական շուստրիությամբ հարցեր լուծելու ժամանակաշրջանը, այն ժամանակաշրջանը, երբ կարելի է ներսում՝ մեր հանրությանը, մոլորեցնել, բայց դրսում՝ միջազգային գործընկերների հետ, լրիվ այլ պայմանավորվածություններ ձեռք բերել: