22/05/2024

Մեր օրերում հայտնի հարցը կձևակերպվեր. Կզլ Հաջիլի՞, թե՞ Մեղրի. ո՞րն է ձեր հայրենիքը. Անկախությու՞ն, թե՞ ծայրագավառ՝ այս է խնդիրը

«Հանրապետություն» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով Հայաստանում ընթացող գործընթացներին՝ գտնում է, որ ամեն ինչ կորած չէ, որ ՀՀ-ում կան մարդիկ և քաղաքական ուժեր, որոնք հասկանում են՝ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, և ինչքան կարևոր է Ռուսաստանը Հայաստանի անվտանգության համար և տնտեսական կյանքում։

Համեմատեք սահմանազատման վերաբերյալ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հայտարարությունները: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք, ընդգծել, որ երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը, Միշելը հույս է հայտնել, որ այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին: Վաշինգտոնը ողջունում է 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք՝ X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և կարևոր քայլ է համարել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման համար: ՌԴ-ն չի էլ ընդունում, որ Հայաստանը երբևէ պետք է ունենա սեփական շահեր կամ առհասարակ սահմաններ: Հենց այս հայտարարությունները վկայում են, թե ինչքան կարևոր գործընթաց է սահմանազատումը Հայաստանի համար։ Սահմանազատված հատվածներում հողի վրա ֆիքսվում է նաև Գրանադայի համաձայնությունը, որով Հայաստանը ունենում է Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ ի պես դաշնակիցներ՝ ահա լավրովների դժգոհության պատճառը։

Իսկ Հայաստանի ռուսահպատակները համարում են, որ ՀՀ իշխանությունը հանձնում է իրենց հայրենիքը (Կզլ Հաջիլին կամ Խեյրեմլին անվանելով իրենց հայրենիք): Հենց այդ մարդիկ 4 տարի շարունակ Լավրովի հրամանով ամեն ինչ անում էին, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան ունենան միջանցք Մեղրիի` ՀՀ ինքնիշխան տարածքով։

Մեր օրերում հայտնի հարցը կձևակերպվեր.
Կզլ Հաջիլի՞, թե՞ Մեղրի ո՞րն է ձեր հայրենիքը. Անկախությու՞ն, թե՞ ծայրագավառ՝ այս է խնդիրը։

Եվ փառք Աստծո, որ հայ ժողովուրդը իր մեծամասնության մեջ բազմիցս տվել է հարցի պատասխանը՝ Լավրովին և իր պլաններն ուղարկելով ռուսական հայտնի նավի հետքերով։