27/07/2024

Երեւանը հայտարարելով ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցման մասին, փորձել է «գի՞ն» բարձրացնել ․․․

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորումը: Դրան զուգահեռ, ՀԱՊԿ աղբյուրը հայտնել է, որ Երեւանը շարունակում է լինել կազմակերպության անդամ:

Եթե Հայաստանը սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին՝ իհարկե դե ֆակտո, որովհետեւ դե յուրե սառեցման մեծանիզմ կարծես թե չկա, ապա տրամաբանական է նաեւ, որ կարող է դադարեցնել ֆինանսավորումը:

Ի դեպ, դա կարող է պայմանական իմաստով լինել հենց դե յուրե «սառեցման» ակտ, քանի որ մինչ այդ սառեցման մասին հայտարարությունները ըստ էության քաղաքական էին: Իսկ տվյալ պարագայում, եթե կայացվում է ֆինանսավորումը դադարեցնելու որոշում, ըստ էության դե յուրե քայլ է, որը «համարժեք» է սառեցման քաղաքական հայտարարությանը:

Բոլոր դեպքերում, սա փաստորեն Հայաստանի առաջին իրավական քայլն է ՀԱՊԿ առնչությամբ հարաբերությունը դիստանցավորելու առումով: Պետք է հասկանալ, թե ինչ է ենթադրում այդ քայը: Եթե Հայաստանը դադարեցնում է ֆինանսավորումը, նշանակու՞մ է արդյոք, որ կազմակերպությունն էլ դադարում է Հայաստանի հանդեպ որեւէ աշխատանքային պարտավորություն ունենալուց:

Ասել կուզի, ի՞նչ է անելու կազմակերպությունը Հայաստանի հանդեպ: Քաղաքական իմաստով ուշադրության է արժանի, որ Հայաստանն այդ մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին զուգահեռ, որտեղ նա մասնակցում է ԵՏՄ վեհաժողովին եւ հանդիպում ունենում ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Ընդ որում, նախապես ազդարարվել էր, որ այդ հանդիպմանը քննարկվող թեմաների շարքում է նաեւ ՀԱՊԿ թեման: Երեւանը հանդիպումից առաջ հայտարարելով ֆինանսավորման դադարեցման մասին, փորձել է «գի՞ն» բարձրացնել մոսկովյան հանդիպումից առաջ: Թե՞ այդ որոշումով Երեւանը փորձել է «մեղմացնել» Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելու հանգամանքի արեւմտյան ընկալումը: Այսիքն, այց Մոսկվա մի կողմից, եւ գործողություն ՀԱՊԿ դեմ՝ մյուս կողմից: