27/07/2024

Հինգ անշարժ գույք, 1 ավտոմեքենա, մոտ 7 մլն դրամ եկամուտ, $25 հազար կանխիկ դրամ … Գառնիկ Դանիելյանի հայտարարագիրը

Ծնունդով իջևանցի, տավուշյան շարժման համալիդեր, Բագրատ արք. Գալստանյանի աջ (թե՞ ձախ) ձեռք, ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցությունը մեկուկես տարի առաջ համալրած, Տավուշ-Երևան քայլերթի ժամանակ գառնուկ գրկած ու «մաշված» Գառնիկ Դանիելյանն այն գործիչներից է, որին հանրությունը նախկին ռեժիմի օրոք չի տեսել հրապարակներում բոցաշունչ ելույթներ ունենալիս, հայրենափրկչական տարատեսակ օպերացիաների մասնակցելիս, բայց այս «պասիվ հայրենասիրությունը» բնավ չի խանգարել, որպեսզի պարոն Դանիելյանը 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՅԴ ցուցակով առաջադրվի թիվ 13 ընտրատարածքում, 2021-ի արտահերթի ժամանակ էլ ընդգրկվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում և խմբակցության այլ անդամների մանդատները վայր դնելու գնով պատգամավոր դառնալուց հետո էլ ԱԺ-ում աչքի ընկնի իր ահեղադղորդ ելույթներով, դե իսկ վերջին մեկ ամսում էլ… ստանձնի հայրենյաց փրկության «մաշեցնող» գործը։

Պարոն Դանիելյանը մասնագիտությամբ պատմաբան է և, դատելով ԱԺ կայքում հրապարակված նրա կենսագրական համեստ տեղեկանքից, չի ծառայել նաև բանակում և ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորելու տարիներից սկսած (մագիստրատուրան ավարտել է 2007-ին) աշխատել է բիզնեսի ոլորտում՝ 2006-2013թթ. աշխատել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ Արմավիրի մասնաճյուղի տնօրեն, 2012-ից 2022 թվականներին էլ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Դանիելյանի՝ որպես պատգամավոր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ այս տարի 40-ամյակը հոկտեմբերին բոլորող «Գառնիկ Ախպերը» 5 անշարժ գույք է հասցրել հետ գցել հայրենի Տավուշում, Երևանում և Գեղարքունիքում, որոնցից 4-ը՝ միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող։ 2022 թ. հայտարարագրից (2023 թ. հայտարարագիրը դեռևս հրապարակված չէ ԿԿՀ կայքում) տեղեկանում ենք, որ ՀՅԴ-ական պատգամավորը Տավուշի Իջևան համայնքում 2010-ին հասարակական նշանակության 1 շինություն է գնել, ինչպես նաև 1 հողամաս նույն համայնքում (փաստորեն, երկու գույք՝ մեկ տարում), 2008 թվականին էլ բազմաբնակարան շենքում գտնվող բնակարան է գնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ 2021 թվականին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների տարում, տավուշցի պատգամավորը մեկ այլ ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանի ծննդավայրում՝ Գեղարքունիքի Գեղամավան համայնքում, 1 հողամաս է գնել։

Տավուշի Իջևան համայնքում Դանիելյանը 2006-ին որպես ժառանգություն (1/5 բաժնային չափով) ստացել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում։ Ընդդիմադիր պատգամավորը որպես շարժական գույք հայտարարագրել է 2015 թ. արտադրության «Տոյոտա» մակնիշի մարդատար 1 տրանսպորտային միջոց, որպես կանխիկ դրամ՝ 9 մլն դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։ Որպես եկամուտ Դանիելյանը հայտարարագրել է ընդհանուր 6 մլն 985 հազար 870 դրամ եկամուտ, որը գոյացել է «ԱԳՐՈՖԵՐՄԱ»-ից ստացած աշխատավարձից՝ 49 հազար 600 դրամ, ձեռնարկատիրական գործունեությունից (թե մասնավորապես ո՞ր կազմակերպությունից՝ նշված չէ )՝ 3 մլն 800 հազար դրամ, ԱԺ-ից ստացած աշխատավարձից՝ 1 մլն 636 հազար 270 դրամ, ինչպես նաև «Ամերիաբանկ»-ից ստացած փոխառությունից՝ 1 մլն 500 հազար դրամ։ Որպես վարկ Դանիելյանը հայտարարագրել է երեք տարբեր վարկատուներից ստացած, ընդհանուր 6 մլն 174 հազար 264 դրամը։

Դանիելյանի կինը՝ Իդա Ղալումյանը, 2022 թ. հայտարարագրում նշել է, որ հաշվետու տարում 280 հազար դրամով օտարել է 2000 թ. արտադրության «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, որը գնել էր 2011-ին։ Տիկին Ղալումյանը որպես եկամուտ հատարարագրել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության ծառայությունից ստացած 138 հազար դրամը։

Ի դեպ, երեկ Կառավարության շենքի դիմաց, ի պատասխան կայքերից մեկի հարցի՝ կարծիք կա, որ շարժումը գնալով մարում է, Դանիելյանը պատասխանել է. «Չի կարող 100 հազար մարդ հավաքվել կամ՝ 80 հազար, կամ՝ 70 հազար, և էդ մարդկանց մեջ հաջորդ օրը մարի։ Չի կարա տենց բան լինի։ Մենք ամենուր, տարբեր տեղեր գնալով տեսնում ենք, որ նոր մարդիկ են միանում։ Մարդիկ կան, որոնք արագ ակնկալիքներ ունեն, արագ փոխվելու, փոփոխություններ, իշխանափոխություն լինելու, բայց դա, ոչ պակաս, քան մենք, ուզում ենք, որ տեղի ունենա։ Բայց կան գործընթացներ, քայլեր, և այդ պարտադիր քայլերը պետք է արվեն… Իմիջիայլոց, իմպիչմենթի գործընթաց կա… Այսինքն՝ էս ընթացքում «տնային աշխատանք» կա, որ պետք է անենք, և էս քանի օրը գտնվելով Երևանում՝ պետք է անենք այդ «տնային աշխատանքը»…»։

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղված, հաշվելուց լավ Դանիելյանի խոսքից էդպես էլ չհասկացվեց՝ փողոցներում «սրբազան շարժմանը» սատարողների թիվը որքան է՝ 100 հազա՞ր, թե՞ 70 և ավելի քիչ։ «Տնային աշխատանքի» այս մի խնդիրը, փաստորեն, Գառնիկ Պավելովիչը սխալ է լուծել։ Հիշեցինք մեկ այլ Գառնիկի՝ «Խոշոր շահում» ֆիլմի հերոս Գառնիկին, որը իր շահած ու գլխին փորձանք դարձած Զապառոժեցից ազատվելու համար համաձայն էր ցանկացած գնի ու պատրաստ էր «իջնել»՝ 1000-ից մինչև 700, ընդհուպ՝ 30 կոպեկ։ Եվ բացի դրանից. «Առավոտվա 6-ից արևի տակ կանգնած եմ, մեկը չի ասում, թե էս խեղճ մարդու մեքենան առնենք, ինքը պրծնի, գնա։ Ի՞նչ եք ուզում, առեք, էլի՜…»։