20/07/2024

Թուրքիայի գլխավոր հետախույզին Էրդողանը Բաքու է գործուղել …

Բաքու է մեկնել Թուրքիայի հետախուզության ղեկավարը: Իհարկե, թուրք-ադրբեջանական հարաբերության համատեքստում պարզ է, որ Անկարան ու Բաքուն ունեն բազմաշերտ փոխգործակցություն, այդ թվում հետախուզական ոլորտում:

Սակայն, Թուրքիայի պաշտոնյայի այցը Բաքու թերեւս առավել ուշադրության է արժանի մի հանգամանքի ֆոնին: Օրեր առաջ, Թեհրանում նախագահ Ռեյիսիի եւ արտգործնախարար Աբդոլահիանի հուղարկավորության արարողություններին մասնակելուց անմիջապես հետո Բաքու մեկնեց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Բաքվում նա Իլհամ Ալիեւի հետ ստորագրեց երկու երկրների միջեւ ռազմավարական գործակցության համաձայնագիր: Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի պետությունների հնգյակում միակն է, որն այսպես ասած զգալիորեն դուրս է թուրքական ազդեցությունից, չի անդամակցում թյուրքալեզու պետությունների կազմակերպությանը, քանի որ Տաջիկստանը այսպես ասած իրանալեզու երկիր է, իր կապերով ավելի սերտ է Իրանի, քան Թուրքիայի հետ, ընդ որում պատմա-քաղաքական խորությամբ նաեւ: Ահա այդ իմաստով, հատկանշական է, որ այդ երկրի նախագահ Ռահմոնը հենց Թեհրանից է մեկնում Բաքու, որտեղ ստորագրվում է ռազմավարական գործընկերության համաձայնագիր երկու երկրների միջեւ:

Եվ առնվազն հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ համաձայնագիրը ըստ էության ինքնին նաեւ որոշակի ռազմավարական խողովակ չէ հենց Թեհրանի եւ Բաքվի միջեւ, ինչը սակայն ուղիղ տեսք եւ դրսեւորում չունի որոշակի նրբությունների պատճառով, եւ դրա համար դիտարկվել է «շրջանցիկ»՝ տաջիկ-ադրբեջանական տարբերակը:

Սա իհարկե կարող է ենթադրել իրավիճակի որակական փոփոխություն, առավել եւս այն բանից հետո, երբ իրան-ադրբեջանական սահմանին Ռեյիսի-Ալիեւ հանդիպումից հետո տեղի ունեցավ Իրանի նախագահական ուղղաթիռի ողբերգական անկումը, որը Թեհրանին դրեց բավականին բարդ եւ լուրջ ներքին ու արտաքին իրողությունների առաջ:

Թուրքիայի գլխավոր հետախույզին Էրդողանն ըստ ամենանի Բաքու է գործուղել հասկանալու համար, թե ինչ բովանդակություն ու շերտեր ունի տաջիկ-ադրբեջանական ռազմավարական գործընկերության համաձայնագիրը եւ այդ շերտերում ինչ ներկայություն կարող է ունենալ Իրանը, այդ կերպ բավականին նուրբ հանգույց գցելով Կենտրոնական Ասիա-Կասպից-Կովկաս շղթայով: