Հունիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր քաղաքացի։
Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի թիվ 17 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված հողաթափ, խաչ և կրակված պարկուճ։
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Վարուժան Ազիզյանն ու պարեկ Ագապի Խաչատրյանը։
Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկել ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշ 41 փողոցի 17 հասցեից, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 խմբի կողմից, և վիրավորը նշված տան բնակիչ 52-ամյա Արթուր Ա․- ն է։
Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ ժամը 18։30-ի սահմաններում նշված հասցեի դիմաց Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդի, նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գարիկ Ա․-ն, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայանում է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հիմնավոր կասկածով ձերբակալվում է։
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։
Գարիկ Ա․-ին և հրազենը Էրեբունու ոստիկանները ներկայացրել են քննչական բաժին։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ