13/07/2024

Ազատազրկված կանայք հանդիպել են իրենց երեխաների հետ, միասին անվանական ծաղիկներ տնկել և խնամքը վստահել նրանց

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի կողմից կազմակերպվել է ազատազրկված կանանց հանդիպումն իրենց երեխաների հետ։

Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։

Տոնական միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը։

Ծնող-երեխա հանդիպումը հիշարժան դարձնելու համար նախապատրաստված է եղել նվերներով լի բազմաբնույթ ծրագիր։ Երեխաներին ողջունելու են գնացել մուլտհերոսներ, որոնք ուրախ կատարումներով բարձր տրամադրություն են փոխանցել մանուկներին։ Նրանց տրամադրվել են շապիկներ և գլխարկներ՝ հնարավորություն տալով դրանք նկարազարդելու մանկական երևակայությամբ և բազմաթիվ գունային երանգներով։

Ավարտին փոքրիկներն իրենց մայրերի հետ ծաղկամաններում անվանական ծաղիկներ են տնկել, որոնց խնամքը պիտի շարունակեն երեխաները՝ որպես շուտափույթ միավորման և երջանիկ ապագայի խորհրդանիշ։