14/12/2024

Հայաստանը կողմ է քվեարկել հակառուսական ու վրացամետ բանաձևին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատվել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների՝ Աբխազիա և Ցխինվալ վերադարձի իրավունքը:

Այն ընդունվել է 103 «կողմ», 9 «դեմ» և 53 «ձեռնպահ» ձայներով։

Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին։ Անցած տարի նույնատիպ բանաձևի քվեարկության համեմատ այս անգամ 3-ով ավելացել է կողմ արտահայտվող երկրների թիվը, 6-ով պակասել են ձեռնպահ քվեարկող երկրները։

Փաստաթուղթը վերահաստատել է «ժողովրդագրական պարտադրված փոփոխությունների անընդունելիությունը», «մարդասիրական գործունեության անարգել մուտքի հրատապ անհրաժեշտությունը բոլոր ներքին տեղահանված անձանց, փախստականների և այլ անձանց համար, որոնք բնակվում են հակամարտությունից տուժած բոլոր հատվածներում Վրաստանի տարածքում»։

Ըստ բանաձևի՝ «բոլոր ներքին տեղահանված անձինք ու փախստականները, ինչպես նաև նրանց սերունդները, անկախ էթնիկ պատկանելությունից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տները Վրաստանում, այդ թվում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա)»։

Բանաձևը նաև ընդգծել է «Վրաստանում հակամարտություններից տուժած բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների գույքի իրավունքը հարգելու և այդ իրավունքների խախտմամբ գույքը ձեռք բերելուց զերծ մնալու անհրաժեշտությունը»։

Աբխազիան և Հարավային Օսիան մասնակիորեն ճանաչված պետություններ են։