21/07/2024

ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանի զառանցանքների հերթական դոզան

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վերջին շրջանում ռուսական քարոզչամիջոցների ցանկալի հյուրերից է։ Ժողովրդական խոսքով ասած՝ «իսկական մուրազ»։

Ինչո՞ւ ցանկալի և հատկապես «մուրազ», քանի որ ի թիվս հայկական ազգանունով այլ սուբյեկտների՝ նա սիրահոժար բացում է բերանը (որը, հաշվի առնելով նախկինում զբաղեցրած դիրքը, մասնագիտական էթիկան ու գեներալ-մայորի ուսադիրները, պետք է որ փակ պահեր) ու բամբասում այն իշխանության մասին, որի մի մասն է եղել 2018-ից 2021-ը։ Իսկ ՌԴ քարոզչամեքենան, ինչպես հայտնի է, ունի անխախտ սկզբունք՝ Հայաստանի, ՀՀ իշխանության դեմ կեղտոտ արշավում օգտագործել առաջին հերթին ազգությամբ հայերին, քանի որ ոչ մի այլազգի ի վիճակի չէ ցուցաբերել այն «տեմպերամենտը» իր ազգակցին ոչնչացնելիս, որը կցուցաբերի ՌԴ-ում հաստատված, «յան»-ով վերջացող ազգանուն ունեցողը։

Վերադառնանք Արշակ Կարապետյանին. որքան հաճախակի է շատախոսում նախկին նախարարն ու ի ցույց դնում քաղաքականության, պետական կառավարման մասին իր իմացության մակարդակը, այնքան ավելի է ամրապնդվում հետևյալ համոզմունքը՝ ճիշտ որոշում էր նրան պաշտոնանկ անելն ու պետական համակարգից «վտարելը»։ Հիշեցնենք հընթացս, թե ինչից հետո է նա ազատվել զբաղեցրած պատասխանատու պաշտոնից՝ վարչապետին ստելու, կեղծիք զեկուցելու համար։

Գեներալ-մայորի ուսադիրներով ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ևս մեկ հիշեցում, օրերս «Լազարևյան ակումբում» էլ էր զբաղվել սուտ ու կեղծիք տարածելով, (որը, ի դեպ, առանց ֆիլտրելու, տիրաժավորել էին ռուսական մի շարք քարոզչամիջոցներ)՝ հայտարարելով, թե Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեից այդտեղ գտնվող «ամերիկյան բիոլաբորատորիաները» տուժել են, ինչի հետևանքով հնարավոր է համաճարակ սկսվի։ Առողջապահության նախարարությունը ոչ միայն հերթական անգամ հերքել էր (այս անգամ էլ Կարապետյանի ինտերպրետացիայով) սուտը՝ ՀՀ-ում «ամերիկյան բիոլաբորատորիաներ» լինելու մասին, այլև հորդորել՝ «ստեղծված իրավիճակը չօգտագործել կանխամտածված կերպով բնակչությանը ապակողմնորոշելու նպատակով»։

Հերթական ստի ու կեղծիքի դոզան գեներալ-մայորը «բաց է թողել» օրերս՝ «Ռադիոզվեզդա»-ի եթերում։ ՀՀ իշխանության հասցեին հերթական անգամ ճղճիմ հայտարարություններն անելուց հետո (այս անգամ էլ նա որևէ օրիգինալ անհեթեթություն չի արտաբերել՝ կրկնելով նախկինում արտաբերածները) ՀՀ պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է նաև հերթական փրկչական պրոյեկտին՝ իր հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության ծրագրին, որով էլ որոշել է կարգի բերել պետությունը, իր բնորոշմամբ, «դիլետանտների, անգրագետների խունտային» հեռացնելուց հետո։ (Իհարկե, պարոն Կարապետյանը նախքան երկիրը փրկելը պետք է հասցնի կարևոր մի գործ անել՝ երկրորդ անգամ իր «ճակատի» հիմնադիր համագումարն անցկացնել ու երկրորդ փորձից գրանցել կուսակցությունը ՀՀ պետական ռեգիստրում, որը, հիշեցնենք, մերժել էր դրա գրանցումը մի շարք պատճառաբանություններով)։ Պարզվեց, սակայն, որ իսկական դիլետանտը, եթե կուզեք՝ անգրագետն ինքն է, միաժամանակ՝ ցինիկ ստախոս, որը «Ռադիոզվեզդայի» եթերն օգտագործեց սեփական արտադրության ցնդաբանությունները տիրաժավորելու համար՝ թյուրիմացության մեջ գցելով լսարանին։ Գեներալի ցնդաբանություններից հատկապես մեկին չենք կարող չանդրադառնալ, քանի որ հազվագյուտ նմուշ է։ Երկիրը «ազգային ավանդույթների», «հայի ինքնության պահպանման» հիման վրա կառավարելու մասին ըղձացող գեներալը, պարզվում է, «սոցիալական նվազագույն փաթեթ» է առաջարկում մեր ժողովրդին։ Այն նախատեսում է, ուշադրություն՝ «անվճար կրթություն, որը մեզ մոտ ավանդաբար իրականացվում է, և իհարկե բոլոր այն օրենքների առկախումը, որոնք չեն համապատասխանում հայի նույնականացմանը»։ Իսկ թե ինչ է նշանակում հայի նույնականացում, ահա խնդրեմ. «Օրինակ՝ այնտեղ (ՀՀ-ում-խմբ.) մինչև 10-րդ դասարան կամ չգիտեմ՝ որ դասարան, չկա սեռ։ Այսինքն՝ մարդը պետք է ինքը որոշի՝ ինչ սեռի է։ Ես Ձեզ հետ հարցազրույցում էլ մի անգամ նշել եմ (դիմելով հաղորդավարուհի Աննա Շաֆրանին-խմբ.), թե՝ ինչո՞ւ եք սկսել մեր երեխաներից, սկսեք ձեզանից։ Ես ասացի՝ պարոն վարչապետ, դուրս եկեք և ասեք՝ դուք տղամա՞րդ եք, թե՞ կին, ինչո՞ւ երեխաները պետք է դպրոցում դա որոշեն, ինչպե՞ս ես ձեզ դիմեմ՝ պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ…»։ Այդ «բացահայտումն» ուղեկցվում է հաղորդավարուհու և նրա հայազգի հյուրի քահ-քահ ծիծաղով, ինչից հետո Շաֆրանը, որը, փաստորեն, տեղյակ չէ ՀՀ օրենսդրությունից և հավատում է գեներալի բարբաջանքին, եզրակացնում է՝ «սա ֆանտաստիկա է, ՌԴ-ում քչերն են տեղյակ, որ ՀՀ-ում արդեն իսկ ռեալիզացվել է գենդերային ինքնության օրակարգը՝ գենդերային բազմազանության մասին», ինչին ի պատասխան Կարապետյանը փորձում է շտկել իր՝ րոպեներ առաջ արտաբերած անհեթեթությունը. «Այն ռեալիզացված չէ, փորձում են ռեալիզացնել, հասկանո՞ւմ եք։ Այդ դեպքում թող նախ իրենցից սկսեն, թող բոլոր նախարարները հերթով դուրս գան և ասեն… Ես, որպես ՀՀ քաղաքացի, պետք է իմանամ՝ ինչպե՞ս դիմեմ իրենց, ես չգիտեմ՝ ո՞րն է ինքը ընտրել (սեռը նկատի ունի-խմբ.)։ Նախկինում դա որոշում էր բնությունը… (հրճվելով-խմբ.)»։ Հաղորդավարուհին էլ, ապշած գեներալի խոսքից, իր հերթին հրճվալից տոնով ազդարարում է՝ առաջնորդվելով կարծրատիպերով՝ Կովկասը ոչ մի կերպ չի ասոցացվում գենդերային ինքնության բազմազանության հետ…
Իրոք, ֆանտաստիկա է, երբ գեներալ-մայորի ուսադիրների արժանացած գործիչը, որը պետական համակարգում՝ պաշտպանական ոլորտում, ծառայության երկար տարիների փորձ ունի, գնում է եթեր ու զբաղվում, թող թույլ տրվի ասել՝ մանր ժուլիկությամբ, հղում անում ինչ-որ օրենքների, որոնց անվանումն անգամ չգիտի և տեղյակ չէ դրանց բովանդակությունից։ Ավելին՝ իր խոսքում խախտելով ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների իրավունքները՝ նրանց է վերագրում իրենց սեռը չիմանալու մեղադրանք, ապաև՝ հերքում է ինքն իրեն՝ հայտարարելով, թե սեռը մինչև որոշակի տարիք չիմանալու վերաբերյալ օրենսդրական կարգավորումը ՀՀ իշխանությունը «պատրաստվում է կյանքի կոչել», իրենց կուսակցությունն էլ, ահա, մտադիր է իշխանությունը վերցնելուց հետո չեղարկել այդ խնդրահարույց օրենքի իրագործումը։

Փաստորեն, ի դեմս Կարապետյանի՝ նման՝ «փչացած հեռախոսի» էֆեկտով «ինֆորմացված», «պրոֆի» չինովնիկ է աշխատել պետական համակարգում, որը, փաստորեն, այս մակարդակի ինֆորմացվածությամբ էլ 2016 թվականին եղել է Զինված ուժերի հետախուզության վարչության պետ (պաշտոնանկ է արվել Ապրիլյան քառօրյայից հետո՝ Սերժ Սարգսյանի կողմից), 2021 թվականից էլ, փաստորեն, որպես պաշտպանության նախարար հանդես է եկել Հայաստանի կառավարության անունից և բանակցություններ է վարել այլ երկրների հետ, մասնավորապես ՝ ՌԴ-ի, պայմանավորվածություններ ձեռք բերել։ Իսկ սա, համաձայնեք, ֆանտաստիկա չէ, սա իսկական կատաստրոֆա է։

Հ.Գ. Նախկին պաշտոնյայի արտաբերած անհեթեթությունների ասորտիմենտը, նկատենք, ցավոք, վերը բերված բացառիկ օրինակով չի սահմանափակվել։ Նա նաև նշել է. Փաշինյանը, լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն աաշխարհում առաջինն ընդունած երկրի ղեկավար, որոշել է քրիստոնեությանը դեմ քայլ անել՝ այնպիսի օրենք ընդունել, որով «բոլորը հավասարեցվում են՝ և՛ եկեղեցին, և՛ տարատեսակ աղանդավորական կազմակերպությունները»։ Եվ բացի դրանից, Փաշինյանը որոշել է հրաժարվել հայի ինքնությունից (նա համաձայնում է հաղորդավարուհու բերած օրինակի հետ, թե նույնն արվում է նաև Մոլդովայում, որտեղ մոլդովացիներին բացատրում են, որ իրենք ռումինացիներ են), ուրանալ Հայոց ցեղասպանությունը, սերմանել հայ ժողովրդին, թե «մեր հայրենիքն այն է, որտեղ ապրում ենք»… Մի խոսքով, շարժվելով ըստ ծրագրի, Փաշինյանն արել է և անում է բաներ, որոնցում երևում է «անդրօվկիանոսյան ձեռքը»՝ ահա վարչապետի նախկին խորհրդականի եզրակացությունը։ Ի դեպ, վերջինս մի աղաղակող սուտ էլ է հնչեցրել եթերում, թե՝ ամերիկյան հայտնի ընկերությունը (ընկերության անունը նույնպես չհիշեց՝ նշելով, թե «գլոբալ» բառը կա անվանման մեջ) ՀՀ-ում մոտ երկու ամիս առաջ «ԱՄՆ-ի սպեցռազվեդկայի պատվերով» սոցհարցում է իրականացրել, որի արդյունքներով «ՀՀ բնակչության 65 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ի ապագան ՌԴ-ի հետ է»։ (Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ այսքանից հետո, ՌԴ-ի դեմ այսպիսի քարոզչությունից հետո)։ Եթե գեներալը նկատի ունի IRI-ի հարցումը (Միջազգային հանրապետական ինստիտուտ, հարցումը հրապարակվել է մարտին), ապա ըստ դրա՝ հարցվածների 66%-ը ՌԴ-ի հետ հարաբերությունները բացասական է գնահատել, մինչդեռ 2023-ի մարտին հարցվածների 49%-ն էր այդ կարծիքին։

Գեներալ մի ասա, կեղծիքների շտեմարան ասա։

Հեղինե Մանուկյան