Իրանում ավարտվել է նախագահի թեկնածուների ընտրությունը:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով IRIB պետական հեռուստաալիքին։
Ընտրությունն իրականացրել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապանների խորհուրդը։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆի խոսքով՝ թեկնածուների անուններով ցուցակ է ուղարկվել Իրանի ՆԳՆ։
14-րդ նախագահական ընտրությունները լինելու են արտահերթ՝ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի Bell ուղղաթիռի կործանման պատճառով։
Օրերս հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել 80 քաղաքացի։ Թեկնածուների կեսից ավելին՝ 43 հոգի, վերջին օրն է հայտ ներկայացրել ընտրական հանձնաժողով, որի համար ընդհանուր առմամբ հատկացվել էր հինգ օր։
Իրանցի երկու նշանավոր քաղաքական գործիչների՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի թեկնածությունները, որոնք հիմնական ինտրիգային հավակնորդներից էին հունիսի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար, չեն հաստատվել Իրանի Դիտորդական խորհրդի կողմից (խորհրդարանի բարձրագույն պալատը, որը վերահսկում է ընտրությունների անցկացումը), հայտնում է Mehr պետական գործակալությունը։
Իրանական մեկ այլ պետական լրատվամիջոց՝ «Թասնիմ» գործակալությունը, հրապարակել է վեց քաղաքական գործիչների անունները, որոնք, ըստ իր տվյալների, կընդգրկվեն թեկնածուների վերջնական ցուցակում:
Նրանք են հոգևորական Մոսթաֆա Փուրմոհամմադին, Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներկայիս խոսնակ, խորհրդարանական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իրանի մայրաքաղաքի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար Մոհամմադ Խաթամին և խորհրդարանի անդամ Մասուդ Պեզեշկիանին, ինչպես նաև Նահատակների և վետերանների գործերի հիմնադրամի ղեկավար Ամիր Հոսեյն Ղազիզադե-Հաշեմին:
Նախապես հայտագրված 4 կին թեկնածուներից ոչ մեկը չի ընդգրկվել նախագահի հիմնական թեկնածուների ցանկում:
Երկրում նախագահի հիմնական թեկնածուների հաստատումից հետո պաշտոնապես մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը:
Նախագահի պաշտոնի համար թեկնածության գրանցումը սկսվել էր մայիսի 30-ին, այնուհետ՝ բոլոր թեկնածուների համապատասխանությունը ստուգվել է հատուկ խմբի կողմից:
Նոր նախագահական ընտրությունները, համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի, պետք է անցկացվեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելուց հետո 50 օրվա ընթացքում։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Մոհամմադ Մոխբերը։
Հաստատված ընտրական օրացույցի համաձայն՝ թեկնածուների գրանցումը տեղի է ունեցել մայիսի 30-ից հունիսի 3-ը, իսկ թեկնածուների պահանջներին համապատասխանության ստուգումը իրականացվել է հունիսի 4-ից 10-ը։ Թեկնածուների անունների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին:
Նախընտրական քարոզարշավը հնարավոր կլինի անցկացնել երկու շաբաթ՝ հունիսի 12-ից 26-ը։ Ընտրություններից մեկ օր առաջ կհայտարարվի «լռության օր», որի ընթացքում արգելված է քարոզարշավը։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։
Երկրորդ փուլը, եթե անհրաժեշտություն առաջանա, կկայանա հուլիսի 5-ին։
Իրանի նախագահի թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ։ Այնուհետև թեկնածուների համապատասխանությունը ստուգվում է Սահմանադրության պահապանների հատուկ խորհրդի կողմից՝ կազմված աստվածաբաններից, և որոշում են ամենաարժանավորներին, որոնք, խորհրդի կարծիքով, ընդգրկված են լինելու քվեարկության ցուցակներում։
Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Իրանի պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ Ռաիսին հանդիպում էր ունեցել իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Կործանված ուղղաթիռը փնտրել են ավելի քան տասը ժամ։
Բացի Ռաիսիից, օդանավում եղել էին նաև երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ուղղաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը մահացել են։
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»