ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունը ուկրաինական Բուչա է այցելել։
Այս մասին NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այս քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև համարում է, որ անընդունելի հայտարարություններ են եղել՝ ուղղված Ռուսաստանին, անընդունելի է նաև Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը։
«Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության անդամ Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչի քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մենք անհանգստացած ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ վարչական շրջանի էջում հրապարակվել էր տեղեկատվություն Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի ունեցած հանդիպումների մասին: Պաշտոնյաներն այցելել են Բուչա, ծաղիկներ խոնարհել զոհվածների հուշակոթողին և հանդիպել Բուչայի քաղաքապետին։
Նաև նշվում էր, որ այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։
Նկատենք՝ Բուչան ուկրաինական լրատվամիջոցները ներկայացնում են իբրև դիմադրության խորհրդանիշն։ Շուրջ երկու տարի է, ինչ քաղաքը պայքարի մեջ է ռուսական ուժերի հետ: Ինչպես պնդում են ուկրաինական իշխանությունները, 2022 թվականին՝ առաջին ուժգին հարձակման ժամանակ հրթիռակոծության հետևանքով սպանվել է ավելի քան 1,3 հազար մարդ, ավերվել են հարյուրավոր տներ:
Բուչան արդեն մաքրվել է ավերակներից, սակայն քաղաքի վերականգնումը դեռ շարունակվում է։
Բաց մի թողեք
Ինչու ՌԴ-ն չի մասնակցել «Երևանյան երկխոսություն» համաժողովին․ հրավեր է ուղարկվել նաև թուրքական կողմին
Բաքուն արձագանքել է Հայաստանի՝ Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու առաջարկին
Հայաստանին վնասում է, թուլացնում պետության իմունիտետը, «կարմիր գծեր» չկա՞ն