05/10/2024

Արդյո՞ք Իրանին հայտնի է որևէ թեմայով Ադրբեջանի աճող ճնշում Հայաստանի վրա

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանանին CNNturk-ին տված հարցազրույցում պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին՝ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում, արել է բավականին ուշագրավ հայտարարություն:

Նա ասել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացը, բայց դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կբերի սահմանների եւ ժողովրդագրական պատկերի փոփոխության: Սա իրապես ուշադրության արժանի ձեւակերպում է:

Եթե սահմանների անփոփոխության մասին Իրանը խոսել եւ հայտարարել է պարբերաբար, ապա ժողովրդագրական պատկերի փոփոխության մասին ձեւակերպումը կարծես թե աննախադեպ է, կամ առնվազն խիստ հազվադեպ այնքան, որ դժվար է հիշել, թե նախորդ անգամ Թեհրանը երբ է հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում արել այդպիսի ձեւակերպում: Ըստ այդմ հետաքրքիր է հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի Իրանը, խոսելով ժողովրդագրական պատկերի փոփոխության հավանական ռիսկերի մասին:

Թեհրանը համարում է, որ հաղորդուղիների ապաշրջափակման որեւէ «ոչ ստանդարտ» լուծում հղի է լինելու նաեւ հետագայում ժողովրդագրական պատկերի փոփոխությա՞մբ, թե՞ Իրանը նկատի ունի Հայաստան ադրբեջանցիների վերադարձի թեման, որը Բաքուն դնում է հայ-ադրբեջանական բանակցության կամ կարգավորման գործընթացի օրակարգում:

Այդ համատեքստում, ի դեպ, հետաքրքիր է, արդյո՞ք Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը Թեհրանի համար ժողովրդագրական պատկերի փոփոխություն է, եւ արդյո՞ք անընդունելի փոփոխություն:

Թե՞ Իրանն այդ հարցը կապում է սահմանների հետ, ու ըստ այդմ Արրցախի հարցը համարում Ադրբեջանի սահմանից «ներս» խնդիր, եւ դեմոգրաֆիական փոփոխության անընդունելիության մասին խոսելիս նկատի է առնում Հայաստանի սահմանից «ներս» պատկերը:

Միաժամանակ, ինքնին թեմային անդրադարձը առնվազն առաջացնում է հարց, թե արդյո՞ք խաղաղության պայմանագրի քննարկումները մոտեցել են դեմոգրաֆիական թեմային, օրինակ այն «մեկամսյա ինտենսիվ աշխատանքի» տրամաբանության շրջանակում, որի մասին խոսել էր Հայաստանի արտգործնախարարությունը Բաքվի հայտարարություններին տրված պատասխանում:

Արդյո՞ք Իրանին հայտնի է «դեմոգրաֆիական» թեմայով Ադրբեջանի աճող ճնշում Հայաստանի վրա: