12/12/2024

Մոսկվայի հետ պայմանավորվածությունների պատմական մի շրջափուլի ավարտ եւ ապահարզանի ազդարարում

Հուլիսի 6-ին Էրդողանն այցելելու է օկուպացված Շուշի: Արդեն հայտնի է, որ Ալիեւն այնտեղ նախաձեռնել է Թյյուրքալեզու պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաք: Դրա մասին նա բարձրաձայնեց Թուրքիա մեկնելուց առաջ, իսկ Թուրքիայում ստացավ Էրրդողանի մասնակցության համաձայնությունը:

Արցախի օկուպացված բերդաքաղաք մեկնելուց առաջ, Էրդողանն Աստանայում հանդիպելու է Պուտինին՝ հուլիսի 4-5-ին, երբ կմասնակցի Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովին:

Համենայն դեպս, օրերս Կրեմլում ընդունելով Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին, Պուտինն ասել էր, որ ակնկալում է Աստանայում հանդիպել Էրդողանին: Ընդ որում, Պուտինը նկատեիորեն ասել էր այսպես՝ «ձեռքի հետ» տոնայնությամբ, կարծես թե չկենտրոնանալով դրա վրա: Թուրքիան փորձում է վերգտնել այն դերը, որ ուներ ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին: Խոսքը առանցքային միջնորդի դերի մասին է: Այն ակնհայտորեն կորսված է: Պուտինն ու Էրդողանը մանրամասն կիմանան, թե ինչու:

Պուտինը ըստ ամենայնի Էրդողանին չի ներել Ազով ուկրաինական գումարտակի գերիներին Կիեւին վերադարձնելը՝ որոնց Ռուսաստանը ուղարկել էր «ի պահ», կամ չի ներել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության առաջ կանաչ լույս վառելը: Ֆիդանի մոսկովյան այցը վկայում էր, որ նա բավականին ընդգրկուն փաթեթ է տարել Մոսկվա, ինչի շնորհիվ Անկարան թերեւս ակնկալում է ստանալ դերը վերգտնելու Ռուսաստանի համաձայնությունը:

Պուտինն Աստանայում ըստ ամենայնի հարցեր կտա Էրդողանին, եւ այդ հանդիպումը թերեւս զգալիորեն կկանխորոշի, թե Էրդողանն ինչ կասի օկուպացված Շուշիում, ինչ շեշտադրումներով հայտարարություններ կհնչեցնի նա այնտեղից, այն կլինի Ռուսաստանի հետ որեւէ նոր պայմանավորվածության ազդարարու՞մ, թե՞ Մոսկվայի հետ պայմանավորվածությունների պատմական մի շրջափուլի ավարտ եւ ապահարզանի ազդարարում: Այդ դեպքում հնարավոր է հարկ լինի այդ շրջափուլի մեկնարկի որեւէ հրապարակային առիթ: