13/12/2024

Հայ-ամերիկյան գործակցության ինտենսիվացումը հատկանշական է․ Հայաստանի համար արդյունքի վերածելու ժամանակը

Երեւան կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ ռեսուրսների եւ կառավարման հարցերի առաջին տեղակալ Ռիչարդ Վերմանը, որը Հայաստանում բացի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումներից, կմասնակցի նաեւ տեղական կառավարման թեմաներին վերաբերող հայ-ամերիկյան համաժողովի:

Դրա համար նրա պատվիրակության կազմում են նահանգային ու դաշնային մակարդակով տարբեր պաշտոնյաներ:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում առաջին ամերիկյան հյուրն է, որ Հայաստան է ժամանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ձեւավորման մասին որոշումը բարձրաձայնելուց հետո: Իհարկե այդ այցը անմիջապես կապված չէ այդ որոշման հետ, սակայն ժամանակագրական առումով հաջորդում է դրան:

Հայ-ամերիկյան գործակցության այս ինտենսիվացումը անշուշտ հատկանշական է եւ իհարկե պայմանավորված բազմաշերտ հանգամանքներով, ոչ միայն երկկողմ, այլ նաեւ ռեգիոնալ տրամաբանության:

Եվ այս համատեքստում թերեւս ուշադրության է արժանի հանգամանք, որը թերեւս կարեւորներից մեկն է: Հայաստան-ԱՄՆ հարաբերության ներկայիս իտենսիվացումը տեղի է ունենում Վրաստան-ԱՄՆ փոխհարաբերության որոշակի սառեցման ֆոնին: ԱՄՆ պատժամիջոցներ է հայտարարել Վրաստանի մի շարք պաշտոնյաների հանդեպ, ինչին պաշտոնական Թբիլիսին արձագանքել է բավականին կոշտ, ասելով, որ դա վիրավորական է Վրաստանի համար: Նահանգների գործողությունները պայմանավորված են Վրաստանում հայտնի օրենքի ընդունմամբ, որին դեմ էր Արեւմուտքը, բայց որն այդուհանդեձ ընդունեց պաշտոնական Թբիլիսին:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ամերիկյան հարաբերության վրա հանգամանքը, որ վրաց-ամերիկյան հարաբերությունը ըստ էության գտնվում է «հակադիր երթեւեկության» ռեժիմում: Եվ այս հարցը առավել էական է այն հանգամանքի ֆոնին, որ Երեւանն ու Թբիլիսին էլ հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին եւ ստորագրել դրա վերաբերյալ հռչակագիր՝ 2024 թվականի հունվարին, Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի ընթացքում:

Հնարավո՞ր է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերության ինտենսիվացումը պայմանավորված լինի նաեւ վրաց-ամերիկյան հարաբերության որոշակի խնդրահարույց միտումով, ինչը Վաշինգտոնին բերի մտքի, որ Կովկասում դիրքերը պահելու համար պետք է առավել կենտրոնանալ Հայաստանի վրա: Բարդ է ասել, հատկապես նկատի ունենալով այն, որ ԱՄՆ Կովկասում դնում է մարտավարական խնդիրներ՝ ավելի մեծ ռազմավարության համատեքստում: Դրա մասին պարզորոշ ակնարկեց օրեր առաջ Երեւան այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Ջեյմս Օ Բրայանը:

Բոլոր դեպքերում, հանգամանքը Հայաստանում պետք է արժանանա ուշադրության, քանի որ բավականին բարդ եւ բազմաշերտ աշխարհաքաղաքական միջավայրում կա թերեւս մի շատ ավելի պարզ խնդիր՝ որպես Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության հրամայականներից մեկը. պետք է առավելագույն աշխատանք կատարել հայ-ամերիկյան փոխադարձ շահերն ու հետաքրքրությունները Հայաստանի համար արդյունքի վերածելու ուղղությամբ, բայց միեւնույն ժամանակ պետք է բավականին ուշադիր լինել հայ-վրացական հարաբերության հարցում անգամ անուղղակի որեւէ հակադրություն չառաջացնելու համար: