14/12/2024

Սուրեն Պետրոսյանը գնացել է երկրից. հայտնի է՝ ուր

«Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Սուրեն Պետրոսյանը գնացել է երկրից:

Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նրա կուսակից, օգնական Հասմիկ Գաբրիելյանը:

Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե ո՞ւր է գնացել Պետրոսյանը:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Պետրոսյանը գնացել է Մոսկվա:

Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանը դեռ Տավուշից լծվել էր Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները խափանելու գործընթացին: Այնուհետև նա Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հետ քայլելով հասավ Երևան և ակտիվ մասնակցում էր շարժման գործողություններին:

Այդ ընթացքում վերջինս մի քանի օր սկսեց բացակայել հավաքներից: Այնուհետև կրկին հայտնվեց և լրագրողներին հայտնեց, թե աշխատանքային այցով գնացել էր Եվրոպա և Մոսկվա:

Հունիսի 12-ին էլ, երբ Գալստանյանը և նրա համակիրները փորձում էին սահմանադրական կարգը տապալելով գրոհել Ազգային ժողովի շենքը, որտեղ ընթանում էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, Պետրոսյանը բախումների ժամանակ անսպասելի անհետացավ: Շարժման անդամները և համակիրները սկսեցին պնդել, թե իրավապահները նրան, այսպես ասած, առևանգել են: Այնուհետև այս պնդումները հերքվեցին, երբ Ազգային ժողովի պատգամավորներին իրավապահ կառույցներից վստահեցրել էին, որ Պետրոսյանի անհետացման հետ որևէ առնչություն չունեն իրենք:

Շարժման առաջնորդներից ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է պարզաբանի, թե ինչ է եղել այդ օրը, քանի որ վերջինիս քաղաքական գաղափարակիցները այդ օրվանից հետո չեն տեսել նրան:

Նկատենք, սակայն, որ բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքագետներ պնդում են՝ Պետրոսյանը, հասկանալով, թե ինչ հակաօրինական գործողություններն է փորձել իրականացնել այն շարժումը, որի առաջնորդներից է ինքը, պարզապես փախուստի է դիմել՝ պատասխանատվությունից խուսափելու համար:

Ըստ պնդումների՝ նա մտածել է՝ Վազգեն Գալստանյանը հոգևորական է, Գառնիկ Դանիելյանը՝ պատգամավոր, նրանց ձերբակալելու հավանականությունն ավելի քիչ է, քան իրենը, այդ իսկ պատճառով անհետացել է տեսադաշտից: