Շվեյցարիայում Ուկրաինայի Խաղաղության գագաթաժողով չստացվեց, ներկա չէր Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը, իսկ Վլադիմիր Զելենսկիի առաջարկած տասը կետերից միայն երեքն է տեղ գտել ամփոփիչ փաստաթղթերում, ընդ որում՝ ոչ թե կարգավորման սկզբունքների, այլ՝ հումանիտար խնդիրների մասին,- հիմնականում այս գնահատականն է իշխում աշխարհի հարյուր պետությունների մասնակցության հունիսի 16-ին ավարտված կոնֆերանսի մասին ռուսաստանյան մամուլի հրապարակումներում, ինչից հասկացվում է, որ գործ ունենք Կրեմլից եւ ԱԳՆ-ից ուղղորդվող քարոզչության հետ:
Մոսկվան նաեւ «հրճվում» է, որ ամփոփիչ փաստաթուղթն «ընդամենը 78 երկիր է ստորագրել»: Ի դեպ, այս առումով հատկապես ընդգծվում է, որ չստորագրող երկրների շարքում է «նաեւ Հայաստանը»: Բայց ոգեւորությունը, կարծես, այդքանով էլ սպառվում է:
Ռուսաստանյան մամուլն ընդգծում է, որ Խաղաղության խորհրդաժողովի ամփոփիչ փաստաթուղթն ստորագրել են Թուրքիան, Հունգարիան, Սերբիան եւ Սլովակիան, երկրներ, որ «ռուս-ուկրաինական հակամարտության հարցում հայտնի են իրենց հատուկ դիրքորոշմամբ,»: Այստեղ, ըստ երեւույթին, ճիշտ կլիներ ասել՝ «հայտնի էին,»:
«Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը այս առումով առանձնացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսել է Ռուսաստանի բացակայությամբ «համապարփակ լուծումներ գտնելու անհնարինության» մասին, բայց ահա Հունգարիայի արտգործնախարար Սիարտոն նման կամ դրան մոտ դիրքորոշում չի հայտնել: Ըստ էության, Մոսկվայի նախաձեռնած՝ արեւելա-եվրոպական «ակումբը» չի կայացել, որին մաս պետք է կազմեր նաեւ Ադրբեջանը:
Այս իմաստով շվեյցարական խորհրդաժողովին Ալիեւի բացակայությունը խորքային իմաստով ոչ թե օգնել, այլ վնասել է Ռուսաստանին: Վլադիմիր Պուտինին ավելի ձեռնտու կլիներ, եթե Հունգարիայի վարչապետը, Սերբիայի, Ադրբեջանի, Սոլվակիայի եւ Բուլղարիայի նախագահներն անձամբ մասնակցեին եւ Կիեւի մոտեցումներին հակադրվող կոնսոլիդացված դիրքորոշում արտահայտեին: Դա տեղի չի ունեցել: Ըստ երեւույթին, վճռական է եղել Հունգարիայի վարչապետի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը:
Խորհրդաժողովի ավարտին Ուկրաինայի նախագահը ասել է, որ մոտակա ամիսներին պետք է երկրորդ, ավելի ներկայացուցչական ֆորում գումարվի, իսկ նրա արտգործնախարարը Կուլեբան մեկնաբանել է, որ այդ միջոցառմանը «կհրավիրվի նաեւ Ռուսաստանը, որովհետեւ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց մյուս կողմի մասնակցության»: Կուլեբան ակնարկել է, որ «Գլոբալ հարավից» «լսվում են փոխզիջման գնալու տեսակետներ։» Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ր երկիրն է նման «կարգավորում» առաջարկել։ Կարելի է ենթադրել, որ խոսքը Հնդկաստանի մասին է։
Իրավիճակը կանխատեսելի գնահատման չի տրվում. ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարը կարելի է ասել մեկնարկել է, ներքին խնդիրներ ունեն Ֆրանսիան եւ Գերմանիան, խորհրդարանական ընտրությունների է նախապատրաստվում Մեծ Բրիտանիան:
Այդուհանդերձ, շվեյցարական խորհրդաժողովը ձեւակերպել է կարգավորման իրավա-քաղաքական ընդհանուր հիմք՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության եւ սահմանների անխախտելիության եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի անվերապահ հարգում:
Գործնականում ի՞նչ կստացվի: Եթե Ռուսաստանին հաջողվի «Եվրասիական անվտանգության խարտիայի» շուրջ համախմբել Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ապա, ըստ երեւույթին, Ուկրաինան կմասնատվի:
Հուլիսի 4-ին Աստանայում «թեժ է լինելու»: Ալիեւը կհրավիրվի՞ այդ օրը Ղազախստանի մայրաքաղաքում բացվող ՇՀԿ գագաթաժողովին, Տոկաեւը կհրաժարվի՞ զարգացման «սինգապուրյան մոդելից»:
Բաց մի թողեք
«Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին
Մոսկվան և Բաքուն քննարկում են դեպի Իրան ելքի «երկրորդ տարբերակը»
Այսպես խոսում են կամ հիշողության մթագնում ունեցողները, կամ էլ «конченный» ցինիկները