25/07/2024

Նախկին պատգամավորը մանիպուլացնում է. Շիրակի բոլոր գերիները վերադարձվել են հայրենիք

Գյումրիում հունիսի 1-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հայտարարել է, թե շիրակցի գերիները մինչ օրս չեն վերադարձվել ու որևէ հարթակից նրանց մասին չի բարձրաձայնվում: 

«Կանգնեց ասեց (նկատի ունի Փաշինյանին-հեղ․) 2 ամիս կսպասեն մեր գերիները, մեր գերիները մեզ կներեն։ Շիրակ աշխարհը ինչքան գերի տվեց, 2 ամսից ինչքան անցավ։ Կանգնեց ասեց ընդդիմության ակցիաների պատճառով Ադրբեջանը չի վերադարձնում, ընդդիմությունը տևական ժամանակ ակցիա չարեց, վերադարձա՞ն մեր եղբայրները, հիշո՞ւմ են այսօր նրանց մասին»,- ասել էր նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Կարապետյանը։

Նաիրա Կարապետյանի այս հայտարարություններին հակադարձել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ հայտարարելով, որ Շիրակի մարզից այլևս գերիներ չկան։

«Միայն Խծաբերդում ունեցել ենք 62 գերի, նրանցից 26-ը վերադարձել են 2023 թվականի դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետը հայտնեց, որ Ադրբեջանից վերադառնում են մեր 32 գերիները։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ, թե՛ Կարմիր խաչի, թե՛ այլ միջազգային կառույցների միջոցով հաստատված մեր բոլոր գերիները վերադարձել են։ Շիրակի մարզից այլևս գերիներ չկան»,- ասել է պատգամավորը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիների մասին իր հայտնի հայտարարությունն արել էր 2021 թվականի հունիսի 7-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղ կատարած նախընտրական այցի ժամանակ։

«Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաև պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունից մի քանի օր անց՝ հունիսի 12-ին, Հայաստան են վերադարձվել 15 գերիներ։ Գերիների վերադարձի մասին առաջինը հայտարարել էր հենց Փաշինյանը, որն այդ ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու։

«Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր` գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- Գավառում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Բաքուն 15 գերիներին Երևանին էր փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ։

Դրանից հետո էլի գերիներ են վերադարձվել Հայաստան։ Վերջին  անգամ Ադրբեջանից գերիներ հայրենիք են վերադարձվել 2023 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ադրբեջանն այդ օրը Հայաստանին էր վերադարձրել 32 ռազմագերիներ, որոնցից 26-ը գերեվարվել էին 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում (Խծաբերդ), իսկ մնացած 6-ը՝ տարբեր ժամանակներում:

Համաձայնությունը ձեռք էր բերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում, որի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։

2024 թվականի հունվարի 4-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «Լուրերին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանում այս պահին պահվում է հաստատված 23 հայ գերի, սակայն 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ կան փաստական տվյալներ:

«Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 հայրենակիցներ են պահվում, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների»,- ասել է Քյարամյանը՝ հավելելով, որ այդ 32 անձանցից 22-ի վերաբերյալ կան նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Այսպիսով, գերիների մասին նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունները մանիպուլյատիվ են, սխալ, ինչը հաստատում է նաև պաշտոնական վիճակագրությունը։

Սյուզաննա Համբարձումյան