25/07/2024

070 ծածկագրով անձնագիր ունենալը չի բացառում վիզայի ստացումը․ ՀՀ ԱԳՆ-ն դեսպանատներին պահանջ չի ներկայացրել

Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները վերջին շրջանում տարբեր մոտեցումներ են ցուցաբերում արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում։ 

Որոշ դեսպանատների որոշումներից տուժած քաղաքացիներն իրենց մտահոգություններն էին կիսել ֆեյսբուքյան խմբերից մեկում։ Մասնավորապես, օգտատերերից մեկը մայիսի 13-ին ահազանգել էր, որ դեսպանատները Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) 070 կոդով անձնագրերի դեպքում չեն տրամադրում մուտքի արտոնագիր՝ պահանջելով փոխել այն և ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Այս ահազանգին հաջորդեցին մյուսները, երբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք սոցիալական մեդիայում կիսվում էին նույն խնդրով՝ ընդգծելով, որ մինչև մայիս ամիսը 070 կոդով անձնագրով շենգենյան մուտքի արտոնագիր ստանալը խնդիր չի համարվել։

ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով խնդրին, հայտարարել էր․ «Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները»։

Ըստ այդ կոնվենցիայի, պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով, եթե ազգային անվտանգությունից և հասարակական կարգի պաշտպանությունից բխող հիմնավոր պատճառներն այլ բան չեն պահանջում։ Բացի այդ, պայմանավորվող պետությունները կարող են նման ճամփորդական փաստաթուղթ տալ իրենց տարածքում գտնվող ցանկացած այլ փախստականի։

Մայիսի 24-ին օգտատերերից Գոգա Բաղդասարյանն էր ներկայացրել իր հետ պատահածը, երբ դեսպանատան մերժումից հետո Գերմանիա հրավիրող կազմակերպությունը դիմել էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել մուտքի արտոնագիր չտալու հանգամանքները։

Ըստ Բաղդասարյանի, դեսպանատան տրամադրած պատասխանի մեջ  ասվում է․

«Դեսպանատունը ցավով տեղեկացնում է, որ ներկայումս հնարավոր չէ վիզա տրամադրել 070 ծածկագրով անձնագրերին: Այս թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա դեսպանությունը ներկայումս ենթադրում է, որ 070 ծածկագրով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացու անձնագիր։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։ Այս պահին պետք է հստակորեն նշել, որ դեսպանատան տեսակետը չէ, որ 070 անձնագիր ունեցող անձինք փախստականներ են, այլ դա Հայաստանի միգրացիոն իշխանությունների պաշտոնական ձևակերպումն է»։

ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Ըստ նույն որոշման, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը՝ 070 ծածկագրով, և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։

2024 թ․ հունվարի 28-ին ՆԳՆ-ն հայտարարեց, որ այս երկու փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ փորձելով պարզել, թե արդյոք ԱԳՆ-ն որևէ պահանջ ներկայացրել է ՀՀ-ում գործող դեսպանատներին՝ 070 ծածկագիրն ունեցող անձնագրերով արցախցիներին մուտքի արտոնագիր չտրամադրելու համար։

ԱԳՆ-ից բացասական պատասխան են տվել՝ նշելով, որ երբեք չեն ներկայացրել որևէ պահանջ՝ 070 կոդ ունեցող անձնագրերի դեպքում եվրոպական երկրներ մուտքի արտոնագիր չտրամադրելու համար։

Նաև նշել են, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք «Փախստականի և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ճանաչվել են փախստական:

Սակայն կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ 070 անձնագիրը նաև հանդիսանում է ճամփորդական վավեր փաստաթուղթ, ուստի դեսպանատների կողմից այն չընդունելը արդարացված չէ։ «ԵՄ անդամ որոշ պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքերի հարցը ներկայումս քննարկվում է համապատասխան գործընկերների հետ»,- ընդգծել են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից գրեթե նույնաբովանդակ պատասխան են տվել․ «Եթե դիմողը բավարարում է վիզայի ստացման պահանջներին, ապա ԱՄՆ դեսպանությունը տրամադրում է վիզա՝ այն փակցնելով ՀՀ կառավարության կողմից տրված վավեր միջազգային ճամփորդական փաստաթղթում։ 070 կոդով անձնագիր ունենալը չի բացառում վիզայի ստացումը, եթե դիմողը բավարարում է վիզայի ստացման պահանջներին»։

Սոցիալական ցանցերում քաղաքացիների արտահայտած մտահոգություններից ու առաջացած քննարկումներից հետո որոշ քաղաքացիներ գրեցին, որ Գերմանիայի դեսպանատունը սկսել է վերանայել իր որոշումը և ընդունել 070 կոդով անձնագրերը։

Սակայն Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ դեռ հրաժարվում են ընդունել այդ անձնագրերը։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները ցուցաբերում են կամայական մոտեցումներ: ՀՀ ԱԳՆ-ն պնդում է, որ ՀՀ կառավարությունը մուտքի արտոնագիր չտրամադրելու համար դիվանագիտական ներկայացուցչություններին որևէ պահանջ չի ներկայացրել։ 070 կոդով անձնագրերը դիտվում են որպես միջազգային ճամփորդական փաստաթուղթ և այդ անձնագրերով մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած անձանց ՀՀ քաղաքացիության պահանջ չպետք է ներկայացվի։

Արփինե Հովհաննիսյան