10/11/2024

ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը

Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին ի պատասխան:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերում»,-նշել է Բորելը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող գերիների իրավիճակին՝ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն.

«ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղության գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության բարձրացման համար»:

Բորելը հիշեցրել է, որ այս առումով ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը՝ վստահության ամրապնդման միջոցառումների, այդ թվում՝ գերիների փոխանակման վերաբերյալ: ԵՄ–ն շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այս առումով:

«ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների վերաբերյալ իր կանոնավոր երկխոսության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ շփումներում»,- հավելել է Բորելը:

Նշվում է, որ ԵՄ պատվիրակությունը ուշադիր հետևում է տեղում տիրող իրավիճակին և սերտ կապի մեջ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կանոնավոր մուտք ունի հայ գերիների մոտ:

«Ավելին, ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը»,- ասել է Բորելը:

ԵՄ-ն նաև շարունակում է աջակցություն ցուցաբերել 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ ԼՂ–ից տեղահանված հայերին և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն: