21/07/2024

Սամվել Շահրամանյանը նոր մեքենա ունի. Գալստանյանն իրենն է նվիրել

Ոսկեպար և Կիրանց կատարած այցերից հետո Բագրատ արք․ Գալստանյանն այցելել է ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, հանդիպել ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի և այլ անձանց հետ:

Գալստանյանն իր մեքենան նվիրել է Շահրամանյանին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրավապահները կոտրել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դարպասը և առգրավել Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան: Դարպասը կոտրել են, քանի որ անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել մտնել ներս:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում է կայացրել։

Ըստ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ ավտոմեքենան կնիքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։

Հիշեցնենք՝ հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն առգրավել էր սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղին պատկանող ավտոմեքենան։ Դա սեփականության իրավունքով ԼՂ-ի նախկին նախագահի թիկնազորին պատկանող ավտոմեքենան է, որը վարում էր Աշոտ Դանիելյանը։

Մեքենան առգրավելու որոշումը կայացվել էր հենց Աշոտ Դանիելյանին վերաբերող գործի շրջանակներում: