18/07/2024

Տարոն Մարգարյանը ԱԺ-ի աշխատավարձով է «ապրում». ում է պատկանում Ավանի նրա հայտնի առանձնատունը, ինչ է հայտարարագրվել

Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը 2024 թվականի մայիսի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ պատգամավորը հայտարարագրել է միայն 1 անշարժ գույք. 2007 թվականին Ջերմուկում գնված հասարակական նշանակության շինություն, իսկ Ավանի հայտնի առանձնատունը նա հայտարարագրում նշել է որպես «90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք», որի սեփականատերը նրա որդին է՝ Նահապետ Տարոնի Մարգարյանը։

Մարգարյանը վարում է 2007 թվականին գնված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա։

Նախկին վարչապետի որդու դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 12 հազար դոլար, 4 հազար 20 եվրո, 391 հազար 836 ռուբլի, 690 հազար 803 ռուբլի, որոնք տարեվերջին դարձել են 2 հազար 500 դոլար, 2 հազար 520 եվրո, 30 հազար 590 ռուբլի, 1 միլիոն 62 հազար ռուբլի։

Որպես կանխիկ միջոց նախկին քաղաքապետը հայտարարագրել է 2 միլիոն դրամ, որը տարեվերջին դարձել է 3 մլն դրամ։

Որպես եկամուտ Մարգարյանը հայտարարագրել է միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը, որը եղել է 9 մլն դրամ։ Ի դեպ, 2022 թվականի համեմատ՝ 3 մլն դրամով ավելի:

Նրա կինը՝ Գոհար Սարգսյանը, ներկայացրել է միայն դրամական և կանխիկ միջոցները․ ըստ այդմ՝ նա ունի 10 հազար ռուբլի և մեկ միլիոն դրամ։

Նկատենք, որ պատգամավորի հայտարարագրում որպես նրա ընտանիքի անդամ նշված են միայն 4 անչափահաս երեխաները։ Իսկ արդեն չափահաս դարձած երեխաներին նախկին քաղաքապետը ընտանիքի անդամ չի նշել, թեև նրանք բոլորը գրանցված են Ավանի նույն տան հասցեում։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2022 թվականի դեկտեմբերի 27‑ին պահանջ է ներկայացրել դատարան՝ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված 6 անձից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձել՝ Ավան վարչական շրջանում գտնվող 6 բնակելի տուն, 1 հասարակական նշանակության տարածք, Ջերմուկ քաղաքում գտնվող 1 ամառանոց, 2 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ, 1 իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեքը, Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ և 3 շարժական գույքերի միջին շուկայական արժեքները. 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ: