Դաղստանում հունիսի 23-ին տեղի է ունեցել խոշոր ահաբեկություն: Ահաբեկիչների խումբը հարձակվել է Դերբենտում ուղղափառ եկեղեցու վրա, դաժանաբար սպանել հոգեւորականին, նաեւ հարձակում է եղել ոստիկանական տեղամասի վրա:
Ահաբեկության հետեւանքով զոհվել է ընդհանուր առմամբ 15 ոստիկան եւ մի քանի քաղաքացիական անձ: Իրականացված ահկաահաբեկչական գործողության հետեւանքով ահաբեկիչներից վեցը վերացվել են, գործողության առաջին փուլը հայտարարվել է ավարատված: Մի քանի օր առաջ թուրքական Հյուրիեթը հրապարակել էր մի տեղեկություն այն մասին, որ Թուրքիան Ռուսաստանին օգնել է Մոսկվայում կանխել նոր խոշոր ահաբեկություն՝ Կրոկուս համերգասրահի խոշոր ահաբեկությունից հետո, որ տեղի ունեցավ մարտին:
Թերթը չէր մանրամասնել, թե հատկապես ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, նշելով միայն, որ թուրքական կողմը Ռուսաստանին փոխանցել է տվյալներ, որոնք օգնել են կանխել Մոսկվայում խոշոր առեւտրի կենտրոններից մեկում ծրագրվող նոր խոշոր ահաբեկությունը: Հյուրիեթի այդ տեղեկությունը, որ թուրքական հատուկ ծառայությունների աղբյուրին անանուն հղումով էր, հաջորդել էր Թուրքիայի արտգործնախարար, հետախուզական ծառայության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանի ՌԴ կատարած այցին, որտեղ նա հանդիպել էր ոչ միայն Ռուսաստանի արտգործնախարարին, այլ նաեւ հետախուզական ծառայության պետ Նարիշկինին, նախկին ՊՆ նախարար եւ ներկայումս ԱԽ քարտուղար Շոյգուին եւ ՌԴ նախագահ Պուտինին:
Եվ ահա, Թուրքիայի այդ օգնությունից հետո խոշոր ահաբեկություն է տեղի ունենում Դաղստանում՝ Դերբենտում: Մոսկվայում սպասվող ահաբեկության հարցում տեղեկատվությամբ օգնելով Ռուսաստանին կանխել, Անկարան «շեղե՞լ» է Դերբենտից:
Ինչ խոսք, միամտություն է համարել, որ Թուրքիան պարտավոր է զբաղվել Ռուսաստանում ահաբեկությունների կանխումով: Դա Ռուսաստանի հատուկ ծառայությունների, այդ թվում օրինակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների բիզնես գործընկեր՝ հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի գործն է:
Բայց բոլոր դեպքերում ժամանակագրական առումով ուշադրության արժանի է, որ թուրքական մամուլում այդ արտահոսքից հետո՝ որ Անկարան օգնել է կանխել նոր խոշոր ահաբեկություն Մոսկվայում, խոշոր ահաբեկություն է տեղի ունենում Դերբենտում: Նկատենք, որ հուլիսի սկզբին Աստանայում սպասվում է Պուտին-Էրդողան հանդիպում, Շանհայի գործակցության կազմակերպության Վեհաժողովի շրջանակում:
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»