13/07/2024

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների մեկնարկից մինչ այժմ 17 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ Այս մեղադրանքների համար հիմնականում հիմք են հանդիսացել տարբեր ձայնագրություններ, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է և պարզել, որ սոցցանցերում այն էջերը, որոնցում հրապարակվել են այդ ձայնագրությունները, պրոիշխանական են, տարածում են կառավարող ուժի թեզերը և թիրախավորում ընդդիմախոսներին։

Այսպես, հունիսի 15-ին Քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։

«Armenian zone/Հայկական տիրույթ» ֆեյսբուքյան էջն ունի 28 հազար հետևորդ։

«Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերնագրով տեսանյութն այս էջում հայտնվել է հունիսի 12-ին։ Հունիսի 13-ին նույն էջում տարածվել է մեկ այլ՝ «Դաշնակները Բագրատի հանրահավաքների համար փողով մարդ են հավաքագրում» վերնագրով 6 րոպեանոց տեսանյութ, որտեղ մի տղամարդ այլ անձի հետ քննարկում է Երևանում մարդկանց հավաքելու և ըստ ամենայնի՝ ցույցերին ուղղորդելու նախաձեռնության մանրամասները։

«Armenian zone/Հայկական տիրույթ» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է դեռևս 2020 թվականի հուլիսի 11-ին։ Առաջին հրապարակումներն էջում հայտնվել են երկու օր անց՝ հուլիսի 13-ին, Տավուշում հուլիսյան մարտերի օրերին։ Էջն իր բովանդակությամբ աջակցում է գործող իշխանությանը, կիսում իշխանական գործիչների թեզերը։ Սկզբնական շրջանում հրապարակումները տարածում չեն ունեցել, ավելին՝ առաջին հրապարակումներն ունեցել են մեկ-երկու հավանումներ։ Սակայն մարդկանց հավաքագրելու մասին տեսանյութը դարձավ էջի ամենադիտվածն ու տարածվածը։

Այս էջում հրապարակումներն ամենաշատ և հաճախ միակ հավանած օգտատերերից մեկը «Պետրոս Անտոնյան» անուն-ազգանունն ունի։

Այս օգտահաշիվն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն կեղծ է։ Օգտատիրոջ գլխավոր լուսանկարն իրականում վերցվել է ռուսական Օդնոկլասսնիկի կայքից, ապա ենթարկվել է մի շարք փոփոխությունների, մասնավորապես՝ ավելացվել է ակնոցը և փոխվել է մազերի գույնը։

Սույն կեղծ օգտահաշվի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն նաև կապ ունի իշխանական քարոզչություն իրականացնող մեկ այլ՝ «New Armenia blog/Նոր Հայաստան բլոգ» անունով էջի հետ։

Նա 2019 թվականի մայիսի 22-ին՝ ստեղծվելուց ընդամենը երկու օր անց, էջի նորամուտն է արել՝ խորհուրդ տալով ընկերներին բաժանորդագրվել ու ընթերցել տարածվող նյութերը։

«Նոր Հայաստան բլոգ» էջը, ի դեպ, նույնպես ձայնագրություններ է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության վերաբերյալ:

Այստեղ հունիսի 13-ին հրապարակվել են երկու տեսանյութեր՝ «Վազգեն Գալստանյանի ակցիաների մեկ մասնակցի գինը՝ 10-ից 12 հազար դրամ է» և «ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը մարզերից մարդ է բերում՝ ԱԺ մոտ անկարգություններ կատարելու համար» վերնագրերով։

Հարկ է նկատել, որ այս էջը ստեղծել է 2019-ի մայիսի 20-ին ՀՀ-ում Սահմանադրական ճգնաժամի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում իր աջակիցներին շրջափակել ՍԴ շենքը։

Սկզբում էջը հայտնի չի եղել, և «Պետրոս Անտոնյան» անունով կեղծ օգտատերը նաև պրոիշխանական մեկնաբանություններ է թողել էջում տարածված հակաիշխանական լուրերի տակ, ինչպես այս դեպքում (կից լուսանկարում-հեղ․) երբ փաստաբաններից մեկը սպառնում էր դիմել Եվրոպական դատարան։

«Պետրոս Անտոնյան» անունով օգտահաշվի ընկերների շարքում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև՝ հայտնի իշխանամետ գործիչներ Գնել Սարգսյանը, ՔՊ-ական Վազգեն Մանուկյանը։

«Նոր Հայաստան բլոգ» ֆեյսբուքյան էջում, որն ունի շուրջ 50 հազար հետևորդ, պարբերաբար հայտնվում են ընդդիմադիր գործիչներին, օրինակ՝ Սեյրան Օհանյանին ու Հայկ Մարությանին թիրախավորող գովազդներ։ 

Նույնն է նաև «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջի դեպքում․ այստեղ հունիսի 18-ին հրապարակված գրառմանը միացված է գովազդ։ 1200 հավանում ունեցող, Բագրատ Գալստանյանին թիրախավորող գրառման վերնագիրն է՝ «Եկել էր ասեր, որ իր վրա հույս չդնեք»։ Ֆեյսբուքյան Ad library գործիքի միջոցով կարելի է տեսնել, որ գրառմանը հունիսի 18-ից միացված է գովազդ և այն ակտիվ է։ Էջում գովազդի մասին տեղեկությունն առկա չէ։

Այսպիսով, գաղտնալսված զրույցների ձայնագրությունների սկզբնաղբյուրները պրոիշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջեր են, որոնց հրապարակումների հիման վրա էլ իրավապահ մարմինը քրեական վարույթ է նախաձեռնել։

Արփինե Հովհաննիսյան