14/07/2024

Ի՞նչ է ֆրանսիական CAESAR հրետանային համակարգը, որ Ադրբեջանում կրքեր է բորբոքել

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:  

«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև սպառազինության նոր գործարքին՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքների և խաղաղության համար.

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,— նշել է Հաջիևը։

Ֆրանս-հայկական նոր պայմանագրի կնքման մասին հունիսի 18-ին X-ի իր էջում  գրառում էր արել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ նշելով, որ Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։

«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կարևոր իրադարձություն է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը»,- գրել էր Լըկորնյուն:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում` հունիսի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Ֆրանսիական CAESAR հրետանային համակարգ

CAESAR հրետանային համակարգը մշակվել է 1990-ականներին ֆրանսիական GIAT Industries պետական ​​ընկերության կողմից՝ Lohr Industrie-ի հետ համագործակցությամբ: Այն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1994 թվականին։ Չորս տարի անց նախնական արտադրության մոդելը փորձարկվեց ֆրանսիական բանակում: Խաղաղ ժամանակներում Nexter-ի արտադրողականությունը տարեկան կազմում էր 10 CAESAR։ 2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը մեծացրեց պահանջարկը։

CAESAR-ը 155 մմ հաուբից է, որը տեղադրված է Renault Sherpa 10 բեռնատարի շասսիի վրա՝ զրահապատ խցիկով։ Ինքնագնաց հրետանին համալրված է 155 մմ տրամաչափի TR F1 հրանոթով՝ SIGMA 30 կրակի կառավարման համակարգով։ Կառավարման համակարգը ներառում է նախնական արագության չափման ռադար, ներկառուցված բալիստիկ կառավարման բլոկ․ համակարգը կարող է հարմարեցվել ցանկացած C4I համակարգի (լիովին ինտեգրված է ATLAS FCS-ին): CAESAR-ը կարող է զարգացնել  մինչև 100 կմ/ժ արագություն, արտաճանապարհային պայմաններում՝ 50 կմ/ժ։

CAESAR 6×6 Mark I-ը տեղավորում է 18 արկ և սովորաբար սպասարկվում է հինգ հոգանոց անձնակազմի կողմից, չնայած անհրաժեշտության դեպքում CAESAR-ը կարող է ղեկավարվել երեք հոգանոց անձնակազմի կողմից: Այն կարող է տեղափոխվել C-130 կամ A400M ինքնաթիռով։ Հագեցած լինելով իներցիոն նավիգացիոն համակարգով և բալիստիկ համակարգով՝ CAESAR-ը կարող է ճշգրիտ հարվածել թիրախներին ավելի քան 40 կիլոմետր հեռավորության վրա։ Առավել արդիական արկերի կիրառության դեպքում հեռահարությունը կարող է հասնել 55 կիլոմետրի: CAESAR-ը արագ է տեղակայվում․ անձնակազմից մոտ 60 վայրկյան է պահանջվում կրակելուն պատրաստվելու համար, և 40 վայրկյան՝ կրակելուց հետո հեռանալու համար: Այն կարող է րոպեում վեց կրակոց արձակել:

CAESAR 8×8-ն օգտագործում է փոփոխված Tatra 817 8×8 շասսի, որը թույլ է տալիս շարժունակության ավելի բարձր աստիճան: Այն տեղավորում է 36 արկ։ Աշխատում է 410 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով։

2022 թ․ փետրվարին Nexter-ին 600 միլիոն եվրո նախնական պայմանագիր է շնորհվել Ֆրանսիայի պաշտպանական գնումների գործակալության (DGA) կողմից՝ CAESAR 6×6 Mark II նոր սերնդի հրետանային համակարգի մշակման և ձեռքբերման համար: Պայմանագիրը նախատեսում է նախնական քառամյա մշակման և որակավորման փուլ, որից հետո CAESAR 6X6 Mark II-ը արտադրության մեջ կմտնի։ Նոր սերնդի CAESAR 6×6-ը կպահպանի հրետանային համակարգի ներկայիս կոնֆիգուրացիան։ Հիմնական բարելավումները կվերաբերեն անձնակազմի պաշտպանությանը և շարժունակությանը։ CAESAR 6X6 Mark II-ը համալրված կլինի նոր շարժիչով (460 ձիաուժ՝ նախկին 215 ձիաուժի փոխարեն), նոր ավտոմատ փոխանցման տուփով և նոր շասսիով: CAESAR 6×6 Mark II-ը հագեցած կլինի կրակի կառավարման ծրագրակազմի նորագույն տարբերակով։

Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցություն

Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության փոխանցման մասին խոսակցությունները սկսեցին 2022-ի հոկտեմբերին, երբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակության՝ Երևան այցի, ռազմական համագործակցության ամրապնդման քննարկումների և Ֆրանսիայի ռազմական կցորդի նշանակման մասին։

2023 թ․ հոկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան  իր համաձայնությունն է տվել  Հայաստանի հետ պայմանագիր կնքելու, որը հնարավորություն կտա ռազմական տեխնիկա տրամադրել Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա ապահովել իր պաշտպանությունը։

2023 թ․ հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն էլ հայտարարեց, որ Փարիզը և Երևանը պատրաստվում են ձևակերպել ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրեր, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։

Արդեն 2023 թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Նույն օրը Reuters-ը հաղորդեց, որ երկու երկրների Պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել Հայաստանին Thales-ի արտադրության երեք GM 200 ռադարների վաճառքի մասին, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարումների վերաբերյալ։

Անցած տարեվերջին Ֆրանսիական Սենատի բյուջեի պաշտպանության բաժնում նաև «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարման մասին տեղեկությունը հայտնվեց։

Նշվում էր, որ արդեն իսկ 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս դրանք արտադրման փուլում են։ Փաստաթղթում նաև ասվում էր, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։

«Մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանային միջոցները համալրելու կարիքի հետ»,- նշվում էր զեկուցողների փաստաթղթում, որոնք նաև խորհուրդ էին տալիս «հնարավորինս շուտ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը»։

Ավելի ուշ՝ 2024 թ․ փետրվարի 22-ին, ֆրանսիական «Ֆիգարոն» (Le Figaro) գրեց, որ Հայաստան է ուղևորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլև «ֆրանսիական զինամթերքը»՝ մինչև 250 կմ հեռավորության վրա ինքնաթիռներ հայտնաբերող 3 ռադարներ, ինչպես նաև գիշերային տեսողության հեռադիտակներ։ Արդեն Հայաստանում Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Լըկորնյուն հայտնեց, որ Հայաստանն արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը. «Երեկ երեկոյան Դուք արդեն առաջին խմբաքանակը ստացաք։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը նույնպես կլինի։ Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհետև առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը»,- հայտնել էր ֆրանսիացի պաշտոնյան՝ շեշտելով, որ որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար։ Անդրադառնալով ՀՕՊ համակարգերին՝ նախարարն ասել էր, որ եթե Հայաստանը դրա կարիքն ունենա, ՀՕՊ հրթիռներ նույնպես կտրամադրվեն։
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ստորագրել էին նաև մի շարք պայմանագրեր։

Արդեն հունիսի 18-ին Լըկորնյուն հայտարարել էր, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը թե՛ ռազմական և՛ թե քաղաքական կարևորության հարց է համարում «Սեզարների» ձեռքբերումը:

«Աշխարհի գրեթե թոփ 3, եթե ոչ ամենալավ հաուբիցն է, ամենաէֆեկտիվներից մեկը Ուկրաինայի պատերազմում: Եթե համեմատենք, օրինակ, սովետական պլատֆորմների հետ, որ մենք օգտագործում ենք, 152 միլիմետրանոց, կրակի հեռավորությունը գրեթե 2 անգամ ավելի մեծ է, ամենանոր ռուսական հաուբիցը, որ, օրինակ, Ադրբեջանն ունի, 27 կմ է հեռավորությունը կրակի: Քաղաքականն էլ շատ կարևոր է ի՞նչը՝ որ եթե Ֆրանսիան համաձայն է «Սեզար» Հայաստանին վաճառել, նշանակում էր, որ Հայաստանն ինչ տեսակի զենք ուզենա, կարող է առնել Ֆրանսիայից՝ պաշտպանական, հարձակողական, էդ թեման էլ էդքան էլ կարևոր չէ», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ներսիսյանը:

Սյուզաննա Համբարձումյան