12/12/2024

Հայաստանի նոր վտանգներն ու մարտահրավերները

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի «վերջին օրերի լարվածությանը»: Այն, որ հրապարակման հեղինակը էթնիկ հայ է, չի զարմացնում: Նույնն է նաեւ ՌԻԱ-Նովոստիի, հեղինակավոր այլ լրատվամիջոցների դեպքում:

Աչքի է զարնում թերթի ադրբեջանցի եւ հայ վիզավիների մոտիվացիայի ընդգծված տարբերությունը: Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուն, օրինակ, սահմանին «փոխհրաձգությունը» կապում է ոչ թե Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշման, այլ՝ «Երկրապահի» շարքերում «ռեւանշիստական խմբերի առկայության հետ»:

Նա համոզված է, որ միջադեպերի մասին տեղեկատվության համատեղ քննության՝ առաջարկը Բաքուն չի ընդունի: Բայց ոչ թե նրա համար, որ շահագրգռված է լարվածությամբ, ընդհակառակը. «Ադրբեջանը հասել է իր նպատակին, վերականգնել է տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղի նկատմամբ ինքնիշխանության հաստատմանը, նրան սահմանային կայունություն է պետք», – ասում է ադրբեջանցի քաղաքագետը եւ Հայաստանի վարչապետին առաջարկում, որ բանակը «մաքրի»:

Ոչ ոք թող չզարմանա կամ զարմանք չխաղա, եթե վաղը Բաքվից տեսակետ հնչի, որ Հայաստանի Զինված ուժերում «կան քաղաքական ղեկավարությանը չենթարկվող, նրա նախաձեռնությունների դեմ գործող անհատներ եւ խմբեր, որ ռեւանշի են ձգտում»:

Դիվանագիտության արդյունավետությունը պայմանավորված է նախ խարդավանքի ձեւակերպմամբ, ապա՝ տեղեկատվա-քարոզչական, քաղտեխնոլոգիական ապահովմամբ, ինչը եւ Ադրբեջանը ձեռնարկում է: Իրավիճակի հնարավոր սրացման դեպքում, չպետք է կասկածել, Բաքուն առաջարկելու է ընտրություն կատարել. կամ հարցը լուծում է Հայաստանը, կամ ինքն անցնում է «կանխարգելիչ քայլերի»:

Այս հնարքը հասկանալու եւ ըստ էության գնահատելու, արտերկրի մամուլում հիմնավորելու փոխարեն ինչի՞ հետ գործ ունենք: Նույն իրավիճակի մասին հայ քաղաքագետը «Նեզավիսիմայա գազետա»-ին ասում է, որ Փաշինյանն ընտրել է «ամեն ինչ խաղաղության դիմաց» մարտավարություն:

«Ըստ էության, Հայաստանի ղեկավարության հարցում ադրբեջանական իշխանությունների բախտը բերել է, եւ նրանք ուզում են նրա կառավարումից առավելագույն շահ ստանալ», – ասում է նա եւ ամփոփում, որ Ադրբեջանը «երկու դաշնակից ունի՝ նավթ եւ գազ, ինչի շնորհիվ նա միշտ առավելություն ունի»:

Վերջին դիտարկումը, թերեւս, կարելի է ընդունել: Բայց նավթը եւ գազը ԼՂ հարցում Ադրբեջանի դաշնակիցներն են արդեն երեսուն տարի՝ 1994թ. «դարի պայմանագիրն» ստորագրելուց ի վեր, ուստի նա Հայաստանի նկատմամբ առավելություն միշտ է ունեցել:

Իսկ թե ինչու՞ է հայ քաղաքագետը խնդրի էությունը փոխակերպում Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ դիտարկումներով՝ սա արդեն բոլոր առումներով անվտանգային է: Ըստ էության, նա ոչինչ չի ասում Բաքվի նկրտումների ապօրինականության մասին, այլ առիթն օգտագործում է, որպեսզի ռուսաստանյան քարոզչա-տեղեկատվական միջավայրում «հարմար տեղավորվի»:

Հայաստանում լՂ կարգավորման, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ միջին-ստանդարտ մոտեցում չի եղել: Ի տարբերություն, Ադրբեջանին, որտեղ լՂ հարցում երբեք տարակարծություն չի դրսեւորվել: Եւ դա ալիեւյան բռնատիրության հետ ոչ մի կապ չունի:

Ադրբեջանցի տասնյակ, հարյուրավոր լրագրողներ, մեկնաբաններ եւ վերլուծաբաններ ապրում են Եվրոպայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, անխնա քննադատում Ալիեւին: Բայց հայ-ադրբեջանական կարգավորման, ԼՂ-ին վերաբերող հարցերում ավելի ռադիկալ-ազգայնական են: Քաղաքագիտության քաղաքականացվածությունը Հայաստանի համար սպառնալիք է: