20/07/2024

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների պնդմամբ՝ Ազգային ժողովի շենքը գրավելու նպատակ չեն ունեցել:

Խոսքը, մասնավորապես, հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի ընթացքում ոստիկանական ուժերի և ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցած ընդհարման մասին է, երբ ցույցին մասնակցող մի քանի պատգամավորներ փորձել էին հետ մուտք գործել Ազգային ժողովի շենք:

Արձագանքելով լրագրողի խոսքին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե մասնակիցները ստում են:

«Սուտ են ասում: Նպատակը եղել է Ազգային ժողովի շենքը գրավել և հարձակում գործել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի նախագահի վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Լրագրողի արձագանքին՝ թե դա Սիմոնյանի ենթադրությո՞ւն է, ԱԺ նախագահը ասել է, թե դա երևում է իրենց հայտարարություններից:

«Իրենց հայտարարություններից: Եթե դուք հետևում եք ցույցերին, եթե դուք հետևում եք էն հռետորաբանությանը, որ կա»,- ասել է ԱԺ նախագահը:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հունիսի 12-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած ցույցի ուղիղ եթերները, որոնք հեռարձակվել են տարբեր լրատվամիջոցներով, պարզել է, որ  նման կոչ կամ հրահանգ շարժման կազմակերպիչների կողմից չի հնչել:

Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ: Նա միաժամանակ նշել է, որ իրենց, այսինքն շարժման մասնակիցների կողմից բռնություն չի կիրառվի:

«Եվ այդ ժամը հասել է, օրինական ճանապարհով, խաղաղ ճանապարհով, անցնցում ճանապարհով, մեր կողմից ոչ մի ավելորդ բռնության. սա ուզում եմ շեշտել, ժողովուրդ, որ վախերը մի քիչ պակասեն:  Պարտավոր է գալ խոսելու, բանակցելու, ներակայացնելու կամ քննարկելու անցնցում հեռանալու ճանապարհը։ Այո, ինքը այսօր մուտք է գործել Ազգային ժողով։ Մենք նպատակ էլ չենք ունեցել արգելափակելու։ Բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա»,- ասել է Բագրատ Գալստանյանը իր ելույթի ժամանակ:

Այնուհետև, ավելի ուշ Բագրատ Գալստանյանը խոսել է իր՝ Ազգային ժողով գնալու մասին: Նա մասնավորապես ասել է հետևյալը.

«Մեզ տեղեկություններ են հասնում, որ Ազգային ժողովից ուղիղ եթերով մեզ են հետևում: Թողել են ամեն բան, ուղիղ եթերով հետևում են: Ուղիղ եթերով հետևելու կարիք չունեք: Տղամարդ եք, էս ոստիկանական շարքերը բացե՛ք, ես էլ մեն մենակ գալիս եմ Ազգային ժողով: Հարյուր հոգի եք, թե հազար հոգի: Ասացի ձեզ, կգամ ուղիղ ձեր երեսին ասելու»:

Նույն ելույթի ընթացքում, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի ներսում քաշքշուք է:

«Որքան հասկանում եմ, Ազգային ժողովի ներսում էլ է քաշքշուք: Ազգային ժողովի ներսում բախումներ են գնում: Պարոն Հարությունյանն է ասում, իրավապաշտպանը մեր: Ընդմիջում են տվել»:

Իսկ մի քանի րոպե անց, իմանալով, որ ցույցին մասնակցող մի քանի պատգամավորներ պատրաստվում են գնալ Ազգային ժողով, Բագրատ Գալստանյանը ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին փորձել է տեղեկացնել դրա մասին ու ասել է, որ ինքը նույնպես գնա Ազգային ժողովի շենք:

«Պարոն Դանիելյան, պատգամավորներից մի քանիսը, որ այստեղ են, մտնում են խորհրդարան, Դուք էլ միացեք իրենց: Գառնիկ: Որտե՞ղ է (դիմելով ժողովրդին): Գառնիկ, տղաները գնում են, Գառնիկ ջան, միացեք: Տղաները գնում են: Ասպրամ, դու էլ գնացի՞ր: Ասպրամի հետ են: Գառնիկ, գնում են խորհրդարան»,- ասել է Բագրատ Գալստանյանը:

Րոպեներ անց հետևել է Գալստանյանի՝ պատգամավորների ճանապարհ տալու կոչը:

«Պատգամավորներին չեն թողնում անցնեն: Ոչ մի բան չնետեք, ոչինչ: Թողե՛ք պատգամավորները անցնեն՝ իրենց օրինական գործը կատարելու»:

Սրանից հետո տեղի է ունեցել բախում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև: Ընդհարման ընթացքում Բագրատ Գալստանյանը ժողովրդին կոչ է արել հետ կանգնել ու հետ գալ:

«Հե՛տ կանգնեք, հե՛տ կանգնեք, հե՛տ եկեք, հե՛տ եկեք: Հե՛տ եկեք, ժողովո՛ւրդ»:

Այսպիսով, հունիսի 12-ին Բաղրամյան փողոցում վարչապետի հրաժարականի պահանջով շարժման բողոքի ակցիայի ընթացքում բռնություն կիրառելու, ԱԺ շենք գրոհելու կամ այն գրավելու կոչեր չեն հնչել։

Ալյոնա Հայրապետյան