Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական երկու պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Իշխան Սաղաթելյանը երկու տարբեր առիթներով մանիպուլյատիվ և ոչ ճիշտ տեղեկություններ են տարածել:
«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է այդ հայտարարությունների հետքերով։
Մասնավորապես, Արթուր Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա եթերում (24։59 րոպեից) հայտարարել է․ «Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Արցախը թոկ է Հայաստանի վզին, իսկ թոկից պետք է կտրել։ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար զոհեց Արցախը դեռևս 2020 թվականին․․․ Եթե ինքը հասկացել էր, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանից անկախ, այդ դեպքում ինչո՞ւ սրեց իրավիճակը, ինչու քանդեց Ադրբեջանի ձեռքերը, ինչո՞ւ արեց հուլիսյան սադրանքը Տավուշում։ Հասկանալի է, չէ՞, որ դրանով ինքը քանդում էր թուրքերի ձեռքերը։ Ինչո՞ւ այդ ամենն արեց, որովհետև ինքը հայտարարեց՝ Ղարաբաղը Հայաստանի վզին թոկ է, ու այդ թոկից պետք էր ազատվել»։
Հարցազրույցը վարող լրագրող Հրայր Թամրազյանը հակադարձում է, որ Փաշինյանը նման հայտարարություն չի արել, բայց դժվարանում է փաստարկել։ Այդուհանդերձ, պատգամավորը շարունակում է եթերում պնդել, որ Փաշինյանը նման հայտարարություն է արել՝ հստակեցնելով․ «Նույնիսկ ռուսերեն բառն է ասել, ասել է՝ «Ошейник» է եղել Ղարաբաղը»։ Հնչած՝ ե՞րբ, որտե՞ղ է ասել նման հայտարարություն հարցերից հետո պատգամավորն այլ բառ է մեջբերում․ «Ասել է՝ Ղարաբաղը «поводок» է եղել, թոկ է եղել, թոկ, շան վզին որ գցում են։ Իսկ «պովոդոկը» պետք ա կտրել»։
Արթուր Խաչատրյանը, ըստ ամենայնի, նկատի ունի այս տարի ապրիլի 10-ին Ազգային ժողովում կառավարության 2023 թ․ գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետի ելույթը։
«Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ (մեր խոսույթով՝ поводок) հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար: Այն բանակցային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի որևէ լուծման, այլ Հայաստանի Հանրապետությանը հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ Հայաստանի առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն: Ուշադրություն դարձրեք, ոչ թե ավելի կաշկանդվեն, այլ բացառվեն, որովհետև կաշկանդումը տեղի էր ունեցել վաղուց՝ 1996-1998 թվականներին»,- ասել էր Փաշինյանը:
Այսպիսով, Փաշինյանը «վզկապ» կամ «поводок» բառը միանգամայն այլ համատեքստում է կիրառել և չի ասել՝ «այդ թոկը պետք է կտրել», հետևաբար՝ պատգամավորի խոսքը որևէ կապ չունի խորհրդարանում վարչապետի արտահայտած մտքի հետ։
«Հայաստան» խմբակցության դաշնակցական մեկ այլ պատգամավոր՝ Իշխան Սաղաթելյանը, հունիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական գործողությունների մասին, ասել է (5։01 րոպեից)․ «Էդ մի ժամվա ընթացքում կարծեմ 25 նռնակ են նետել ժողովրդի վրա, նախորդ 30 տարվա մեջ 25 նռնակ չեն նետել ժողովրդի վրա սենց դեպքերում»։ Պատգամավորի հաջորդ խոսքում «25 նռնակը» դառնում է «30 նռնակ»։
Սաղաթելյանի մատնանշած 30 տարիների ընթացքում բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Հայաստանում, որոնք ցրել է ոստիկանությունը ուժային միջոցներով։ «Փաստերի ստուգման հարթակը» նախորդիվ անդրադարձել էր գրեթե բոլոր այդ դեպքերին։
Միայն մեկ օրինակ ներկայացնենք 2016 թվականի ամռանը Երևանում ցուցարարների նկատմամբ ոստիկանական գործողություններից․ հուլիսի 20-ին և 29-ին ոստիկանության կողմից ցույցերը ցրելիս կիրառվել է 3 կրակոց արցունքաբեր գազ և 97 լուսաձայնային նռնակ:
Հասմիկ Համբարձումյան
Բաց մի թողեք
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թ. եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
Աջապահյանի սկանդալային առաջարկը՝ «նվե՞ր» Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
Ադրբեջանը բանակը բերում է պատրաստության աստիճանի` Հայաստանի դեմ նոր դիվերսիայի համար