16/07/2024

Ադրբեջանն անտարբեր է ռեգիոնալ խաղաղության հանդեպ ընդհանրապես

Ադրբեջանը դեռ չի պատասխանել հրադադարի խախտման համատեղ հետաքննության մեխանիզմի ներդրման մասին Երեւանի առաջարկին, ասել է Հայաստանի ԱԽ քատուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում: Դրան զուգահեռ, նա հայտնել է, որ Երեւանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների հերթական խմբագրումը:

Հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի հանդեպ Ադրբեջանի անտարբերությունը զարմանալի չէ, որովհետեւ Ադրբեջանն անտարբեր է ռեգիոնալ խաղաղության հանդեպ ընդհանրապես: Խաղաղության պայմանագիրը Բաքվի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց:

Այսինքն, Ադրբեջանը դրա տարբերակների այսպես ասած փոխանակմանը համեմատական պարտաճանաչությամբ մասնակցում է ոչ թե այն պատճառով, որ ձգտում է դրա հնարավորինս շուտ ստորագրմանը, այլ որովհետեւ այդ գործընթացը դիտարկում է Հայաստանին քաղաքական պայմաններ թելադրելու միջոց:

Այդ տրամաբանության մեջ է նաեւ հետաքննության մեխանիզմի շուրջ լռությունը: Ադրբեջանը իր լռությամբ փորձում է բարձրացնել դրա գինը, այսպես ասած՝ հանել Երեւանի այդ առաջարկը միջազգային աճուրդի եւ այնտեղ «վաճառել» այն շահավետ գնով:

Երեւանի առաջարկը ողջունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էլ հայտնել է, որ ողջունում են խաղաղությանը միտված ցանկացած քայլ, որի շուրջ կողմերը կգան համաձայնության:

Սա նշանակու՞մ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ, օրինակ, պատրաստ են վճարել այդ առաջարկի համար: Ամբողջ հարցն այստեղ այն է, որ կարող են պատրաստ լինել վճարել նաեւ ուժեր, որոնց համար հայ-ադրբեջանական այդօրինակ մեխանիզմի առկայությունը կարող է լինել ոչ այնքան ողջունելի կամ ցանկալի: Հետաքրքիր է, արդյո՞ք Երեւանը կարող էր այդ հարցը քննարկած լինել թուրքական կողմի հետ:

Իհարկե հազիվ թե դա լիներ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մակարդակում, բայց նախօրեին խոսել են նաեւ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը, եւ արտգործնախարարների մակարդակում այդ հարցը միանգամայն կարող էր լինել քննարկելի, այն ակնկալիքով, որ Թուրքիան փորձի Ադրբեջանին բերել դրա շուրջ Երեւանի հետ համաձայնության դաշտ, հաշվի առնելով այն, որ Անկարային ներկայումս երեւի թե որեւէ կերպ ձեռնտու չէ Կովկասում ապակայունացման ռիսկի աճ, ինչի վկայությունը հենց Երեւանի հետ վերջին օրերի շփումներն են՝ նախ առաջին դեմքերի, հետո արտգործնախարարների մակարդակով: