Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իրենք զբոսաշրջիկներ են և Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հարձակվել են իրենց վրա:
ժամը 03։55-ի սահմաններում կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ 6 տղաներ ծեծում են աղջիկների: Րոպեներ հետո կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ ծեծկռտուք է անհայտ աղջկա մասնակցությամբ:
Դեպքի վայրից ոստիկանները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Գյուլուժանա Մ․-ին, 35-ամյա Լոլա Ս․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Արմինե Կ․-ին, 26-ամյա Ռազմիկ Ա․-ին, 29-ամյա Էդմոն Չ․-ին և 22-ամյա Սամվել Հ․-ին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Սամվել Հ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի նմանվող մոխրացած հետքերով կաթուցիչ:
Արդեն ոստիկանության Կենտրոնական բաժնում Էդմոն Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ Պուշկինի 43/3 հասցեում գործող «Գրիլ.ամ» սննդի կետում երեք աղջիկներ են մոտեցել, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, դրսում հնչեցրել են հայհոյանքներ և իր կողմից արված դիտողությունից հետո հարձակվել են իր վրա, հարվածել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռազմիկ Ա․-ն, Էդմոն Չ․-ն, և Սամվել Հ․-ն աշխատում են «Գրիլ.ամ» սննդի կետում՝ որպես խոհարարներ։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ