20/07/2024

Մի քանի բնակարան և հողամաս ունեցող Թագուհի Թովմասյանը վարկի «տակ» է. ինչ է հայտարարագրել «Պատիվ ունեմ»-ի անդամը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը 2024 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս 2014 և 2012 թվականներին ձեռք բերած միանձնյա սեփականությամբ երկու բնակարան ունի մայրաքաղաքում, համատեղ սեփականությամբ հողամաս՝ Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև՝ 2019 թվականին ձեռք բերած 50 տոկոս բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում։

Նշված բոլոր անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են: «Պատիվ ունեմ» խմբակցությունում տեղավորված Թովմասյանը շարժական գույք չի հայտարարագրել։

Վերջինիս դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 710 հազար 982.4 դրամ, որը տարեվերջին դարձել է 194 հազար 400 դրամ։

Որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 5 միլիոն 300 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն 300 հազար դրամ, և 2 հազար 500 եվրո, որը պահպանվել է։

Նա «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ից որպես վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում ստացել է 4 միլիոն 430 հազար դրամ, Ազգային ժողովից ստացված աշխատավարձը կազմել է 10 միլիոն 530 հազար 460 դրամ։

Թովմասյանը 40 միլիոն 809 հազար դրամի չափով վարկ ունի։