20/07/2024

Ոստիկանները հետապնդել և վնասազերծել են մարտական ատրճանակով զինված ու փախուստի դիմած 26-ամյա երիտասարդին

Հունիսի 25-ին ապօրինի զենքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 14 հասցեի մոտ մի քաղաքացի զինված է մարտական ատրճանակով։

Նրան վնասազերծելու նպատակով ստեղծվել են օպերատիվ խմբեր: Աթոյան անցուղի 14 հասցեի մոտակայքում կասկածյալը նկատել է ոստիկանական համազգեստով անձանց և դիմել փախուստի:Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հետապնդել են նրան:

Աթոյան անցուղի 12/3 հասցեում գտնվող ավտոտնակների մոտակայքում փախուստի դիմողն իր մոտից գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակի պահեստատուփ՝ լիցքավորված փամփուշտներով, իսկ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 10 հասցեում՝ ճանապարհի եզրային հատվածում գտնվող բետոնե պարիսպների տակ, գոտկատեղից հանելով, գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակ, ապա շարունակել է փախչել:

Աթոյան անցուղի 10 շենքի մոտակայքում ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներին հաջողվել է կանխել վերջինիս փախուստը, որից հետո նշված անձը՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Ոստիկանները պարզվել են, որ տվյալ անձը Երևանի բնակիչ 26-ամյա Մելս Է․-ն է: Նախաձեռնվել է քրեական վարույթը, որի շրջանակներում կատարված քննչական գործողության արդյունքում Երևան քաղաքի Աթոյան անցուղի 12/3 շենքի բակից՝ ավտոտնակների մոտակայքից հայտնաբերվել և վերցվել է «Մակարով» տեսակի ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի թվով 7 փամփուշտներով՝ նախատեսված «Մակարով» ատրճանակից կրակելու համար, իսկ Աթոյան անցուղի 10 հասցեի ճանապարհի եզրային հատվածի պարիսպների հետնամասից հայտնաբերվել և վերցվել է մեկ հատ առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ:

Մելս Է․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Էրեբունի բաժնի ձերբակալվածների պահման վայր։