20/07/2024

Անահիտ Ավանեսյանին Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը դատի է տվել

Հերթական դատական հայցն է ներկայացվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ։ Այս անգամ դատարան դիմողը Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն է, որի տնօրենի տեղակալի հաստիք էր իջեցվել նախարարի միանձնյա որոշմամբ։

Հենց այդ որոշումն էլ որոշել են բողոքարկել՝ համարելով, որ նախարարն իրավունք չուներ միանձնյա նման որոշում կայացնել և տնօրենի տեղակալ նշանակել։

Կենտրոնի տնօրենը, հիշեցնենք, Մհեր Բիշարյանն էր, որի դեմ քրեական գործ կա հարուցված, նրան այս տարվա փետրվարին ձերբակալել էին և կասեցրել տնօրենի լիազորությունները։

Բիշարյանը, որը հիմա ազատության մեջ է, բողոքարկել էր նաև այդ որոշումը, որ վերականգնվեն իր լիազորությունները, սակայն այս տարվա հունիսի 11-ին նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է, և նախարարը չի երկարացրել պայմանագիրը Բիշարյանի հետ։ Արդյունքում տնօրենի նոր ԺՊ է նշանակվել Արթուր Պետրոսյանը, նրանից առաջ էլ Բիշարյանին փոխարինում էր բաժնի վարիչներից մեկը։

Տեղեկություն կար, որ Ավանեսյանը տեղակալի հաստիք ավելացրել էր, որ իր ուզած մարդուն նշանակեր նախ՝ տեղակալ, հետո նաև հասցներ տնօրենի պաշտոնին, սակայն դա նրան այս պահի դրությամբ չի հաջողվել։ Այդ մարդը Մարտին Ալեքսանյանն է։ Ընդ որում, մեզ ասացին՝ Ալեքսանյանը, թեև նրա հաստիքի հարցն այս պահին վիճարկվում է դատարանում, բայց շարունակում է պաշտոնավարել որպես տնօրենի տեղակալ, ինչն առնվազն տարօրինակ է։

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի արդեն նախկին իրավաբան Հասմիկ Պետրոսյանը, որը սեփական դիմումի համաձայն հունիսի 10-ին՝ նոր տնօրենի ԺՊ-ի նշանակումից հետո է ազատվել պաշտոնից, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նախարարը հաստիքացուցակ էր փոխել, մինչդեռ փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես են գալիս տնօրենները, և փոփոխության արդյունքում իջեցվել էր տնօրենի տեղակալի մեկ միավոր հաստիք։

«Այսինքն՝ պատկերացրեք, որ փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես են գալիս միշտ տնօրենները, հաստիքացուցակների նախագիծը ներկայացնում են նախարարի հաստատմանը, և երկուստեք քննարկման արդյունքում վերջնական որոշում են կայացնում, որը և նախարարի հրամանով հաստատվում է։ Այս պարագայում պոչից էր եկել ամեն ինչ՝ նախարարն էր այդ փոփոխությունն արել, առանց տնօրենի նախաձեռնության՝ նախարարի հրամանով միանգամից իջեցվել էր տնօրենի տեղակալի հաստիք, որն էլ վարչական դատարանում բողոքարկվել է»,- ասաց Հասմիկ Մանուկյանը։

Նախարարի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական գործընթացը մեկնարկել է ապրիլ ամսին, այս պահին դեռ դատարանում է գտնվում, դեռ որոշում կայացված չէ, ըստ Դատալեքսի՝ դատարանը որոշումը պետք է կայացնի նոյեմբերի 1-ին։

Ի դեպ, Դատակբժշկական գիտագործնական կենտրոնը երբևիցե իր պատմության ընթացքում տեղակալ չի ունեցել, բայց կարողացել է բարձր մակարդակով կատարել իր աշխատանքները, և հիմա, ըստ Կենտրոնի նախկին իրավաբանի, տարօրինակ է տեղակալի հաստիք ավելացնելը, եթե մինչ այս պահը առանց տեղակալի կարողացել են բաժնի վարիչների մակարդակով պատշաճ կազմակերպել Կենտրոնի աշխատանքը։