13/12/2024

Երեւանն ու Անկարան համաձայնեցրել են 2022 թվականի հուլիսի 1-ի համաձայնությունները իրագործելու հստակ քայլե՞ր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է ամբողջապես կարգավորել հարաբերությունը Թուրքիայի հետ:

Արարատ Միրզոյանը, որ մի քաննի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, նշել է, որ թուրքական կողմի հետ երկխոսության արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ ամբողջական կարգավորման ուղղությամբ քայլերի վերաբերյալ:

«Խոսքը ոչ միայն երրորդ երկրների, այլև ՀՀ և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների մասին է: Կարծում եմ՝ արդեն իսկապես ժամանակն է կյանքի կոչելու պայմանավորվածությունները և տեսնելու՝ ինչպես են դրանք իրականություն դառնում», հայտրարել է Հայաստանի նախարարը:

Նրա հայտարարությունից այդքան էլ հստակ չէ՝ խոսքը 2022 թվականի հուլիսի 1-ին ՀՀ եւ Թուրքիայի հատուկ բանագնացների վիեննական հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների՞ մասին է, թե՞ Արարատ Միրզոյանը նկատի ունի արդեն հստակ պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել վերջին օրերի ընթացքում՝ նախ Փաշինյան-Էրդողամ, իսկ մեկ շաբաթ անց էլ Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցների ընթացքում:

Այն, որ առաջին դեմքերի հեռախոսազրույցից մեկ շաբաթ անց եղավ արտգործնախարարների զրույց, թույլ է տալիս ենթադրել, որ այն եղել է առաջինի շարունակություն: Իսկ դա նշանակում է, որ նախարարների մակարդակով արդեն ավելի առարկայորեն քննարկվել են հարցեր, որոնք համաձայնեցվել են Փաշինյան-Էրդողան զրույցի ընթացքում: Երեւանն ու Անկարան համաձայնեցրել են 2022 թվականի հուլիսի 1-ի համաձայնությունները իրագործելու հստակ քայլե՞ր:

Ինչպիսի՞ն են դրանք, ի՞նչ ժամանակացույցով: Հնարավո՞ր է արդյոք մոտ ապագայում տեսնել Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների «անցում» հայ-թուրքական սահմանով՝ դիվանագիտական անձնագրերով:

Ամբողջ հարցն այն է, թե Անկարան ինչու՞ պետք է գնա այդ քայլին: Պետք է իհարկե ուժերի հարաբերակցությունը գնահատել իրատեսական եւ ընդունել, որ իրավիճակի զարգացումը կարող է լինել Թուրքիայի ցանկությամբ, իսկ Հայաստանը քիչ ազդեցություն ունի այդ ցանկության ձեւավորման վրա:

Ըստ այդմ հարց է առաջանում, եթե կա նման հստակ պայմանավորվածություն՝ որ քայլ կատարվի համաձայնությունները իրագործելու ուղղությամբ, ի՞նչն է ազդել Անկարայի այդ տրամադրվածության վրա:

Ռուս-թուրքական հարաբերության վերջին շրջանի նկատելի սառնությու՞նը, թե՞ ԱՄՆ վերջին շրջանի դիվանագիտական ինտենսիվ ջանքը: Իսկ գուցե թե մեկը, թե մյուսը: Բայց, ի՞նչ է ստանալու Թուրքիան այդ հստակ քայլերի դիմաց, որովհետեւ հազիվ թե իրատեսական է մտածել, որ Անկարային այդ քայլին մղում են ճնշումով: Կովկասում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը թուլացնելու նպատակի մասին բաց տեքստով հայտարարող ԱՄՆ հազիվ թե նախընտրի ներկայիս շրջանում ճնշում բանեցնել Անկարայի վրա: