16/07/2024

Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է ողջ տարածաշրջանի համար. Բայրամովի այցը համընկե՞լ է հայ-ֆրանսիական պայմանավորվածությանը

Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնելիս իր ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ վրաց-ռուսական հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է Վրաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը։

Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խորացնել հարաբերությունը ռազմավարական բոլոր ուղղություններում: Այդ մասին հայտարարվել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ նա ի թիվս այլ հանդիպումների, հանդիպել է նաեւ Վրաստանի վարչապետի հետ:

Ադրբեջանի արտգործնախարարի Վրաստան այցը ժամանակագրորեն հաջորդում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանական նոր համաձայնագրին, որով Փարիզը Երեւան կմատակարարի հրետանային Ցեզար համակարգեր: Ադրբեջանը բավականին սուր է արձագանքել դրան, հայտարարելով, թե Ֆրանսիան այդպես խոչընդոտում է խաղաղության գործընթացին:

Այս մտացածին մեղադրանքին անդրադառննալու առիթ եղել է եւ անշուշտ դեռ կլինի: Ադրբեջանը ինքն է Կովկասի խաղաղության ու կայունության գլխավոր եւ միակ խոչընդոտը, ինչի վկայությունը առ այսօր այն հսկայական ռազմական գնումներն են , որ իրականացնում է Բաքուն, այն ռազմմական ենթակառուցվածքների ձեւավորումը, որ Ադրբեջանը իրականացնում է ոչ միայն Հայաստանի, այլ հենց նաեւ Վրաստանի հետ սահմանային գոտիներում:

Երեւանը պետք է ուշադրությամբ եւ աչալրջությամբ մոտենա Վրաստանի ուղղությամբ Ադրբեջանի քաղաքականությանը: Վրաստանը հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության կարեւոր, ըստ էության անփոխարինելի հաղորդուղի է: Հայաստանն այդ առումով Թբիլիսիից իհարկե չի սպասում որեւէ այսպես ասած առանձնահատուկ ժեստ կամ արտոնություն, այլ ընդամենը՝ չստեղծել արհեստական խոչընդոտներ, որոնք կհարվածեն Հայաստանի պաշտպանական համակարգի համար կարեւոր գործընթացին:

Իսկ այդ գործընթացը չունի որեւէ հարձակողական հավակնություն, այլ ընդամենը Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության աստիճանը բարձրացնելու նպատակ, ինչը լիովին տեղավորվում է միջազգային իրավունքի ու սկզբունքների շրջանակում:

Բարդ է ասել, Բայրամովի այցը պարապես համընկե՞լ է հայ-ֆրանսիական պայմանավորվածությանը, թե՞ հենց դրանից հետո է Բաքուն փորձել հապճեպ կազմակերպել այց, որի նպատակներից մեկը Վրաստանում այդ արհեստական խոչընդոտների համար հիմքեր ու նախադրյալներ ստեղծելն է, կամ դրանք խորացնելը, հաշվի առնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը արդեն իսկ բավականին շոշափելի ներկայություն ունեն Վրաստանում տարիներ շարունակ, թե տնտեսական, եւ թե նաեւ անուղղակկիորեն քաղաքական լոբբիի իմաստով:

Երեւանն ու Թբիլիսին մի քանի ամիս առաջ ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր: Այդ գործընթացն ունի բովանդակային ծավալման կարիք, նաեւ Հայաստանի համար կարեւոր հաղորդակցային նշանակության ապահովման համար: