21/07/2024

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկազմակերպի միայն հստակ արդյունքի մասին խոստման պայմաններում

ԱՄՆ պետքարտուղարրի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը Բաքվում հայտարարել է, որ Վաշինգտոնը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում միջոցառումների, որ կազմակերպում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

ՆԱՏՕ Վեհաժողովը կայանալու է հուլիսի սկզբին՝ Միացյալ Նահանգներում: Արդյո՞ք Վաշինգտոնում կկազմակերպվի Միրզոյան-Բայրամով հանդիպում, Ջեյմս Օ Բրայանը չի մանրամասնում:

Ըստ ամենայնի, այդպիսի հանդիպման հեռանկարը կախված է այն բանից, թե Երեւանն ու Բաքուն որքան պատրաստ կլինեն որեւէ համաձայնության: Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որ նախօրեին այցելել էր Թբիլիսի, այնտեղ հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացը շարժվում է առաջ եւ մոտ ապագայում հնարավոր է տեսնել նոր համաձայնություն:

Բայրամովը մեծ հավանականությամբ նկատի ունի համաձայնություն ոչ թե խաաղության պայմանագրի տեսքով, այլ՝ որեւէ հատվածային հարցի, ինչպիսին օրինակ ապրիլի 19-ի համաձայնությունն էր Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի որոշակի մասի վերաբերյալ: Երեւանը գոնե առայժմ չի մեկնաբանել Բայրամովի այդ հայտարարությունը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նշում է, որ Հայաստանը պատրաստ է ինտենսիվ աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ եւ առաջիկա մեկ ամսի ընթացքում հասնել պայմանագրի ստորագրման: Ադրբեջանը պայմանագրի առնչությամբ խոսում է պայմաններով եւ Բայրամովը թե Թբիլիսի այցի ընթացքում, թե Ջեյմս Օ Բրայանի հետ Բաքվում կայացած հանդիպմանը ասել է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը:

Խաղաղության պայմանագրի հարցը Ադրբեջանի համար դարձել է մանիպուլյացիայի միջոց, որով Բաքուն փորձում է առանձին «հատվածային» համաձայնություններ կորզել Երեւանից: Եթե Միացյալ Նահանգները հանդիպում կազմակերպի Վաշինգտոնում, ապա Ադրբեջանը անկասկած դնելու է հենց «հատվածային» նոր համաձայնություն կորզելու խնդիր: Իր խնդիրը Վաշինգտոնը ձեւակերպել է բավականին հստակ:

Ջեյմս Օ Բրայանը հայտարարել է արդեն մի քանի անգամ՝ վերջին օրերի ընթացքում, որ Նահանգները տեսնում է Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առեւտրային միջանցք բացելու պատմական հնարավորություն, ինչի համար կարեւոր է համարում խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Բայց Նահանգները պատրա՞ստ է ճնշել Ադրբեջանին, որպեսզի վերջինս հրաժարվի պայմանագրի գործընթացը Հայաստանի հանդեպ ճնշման կամ շանտաժի միջոց դիտարկելուց եւ գնա այն ստորագրելու: Հազիվ թե, քանի որ ռեգիոնում միայն Հայաստանը, Նահանգներն ու Ադրբեջանը չեն: Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Նահանգները կկազմակերպի թերեւս այն դեպքում, երբ բավականին իրատեսական լինի այդ հանդիպման որեւէ արդյունք:

Մի բան անկասկած է, որ խաղաղության պայմանագրի տեսքով արդյունքի մասին խոսելը թերեւս ավելորդ է: