25/07/2024

Էրդողան – Ասադ որեւէ պայմանավորվածություն Իրանի ու ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի դեմ է

Ռուսաստանի Դաշնության նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Ուշակովը հրապարակել է Աստանայում գումարվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողում Վլադիմիր Պուտինի վիզավիաների անունները:

Ցանկում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացակայում է: Մինչդեռ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներն անոնսավորել էին, որ Պուտինը «կանաչ լույս է վառել» եւ Աստանայում տեղի կունենա Սիրիայի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում՝ ավելի քան տասներեք տարվա ընդմիջումից հետո:

Աստանայի ՇՀԿ գագաթաժողովին ընդառաջ Թուրքիայի Կեյսարի նահանգում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Պատճառը սիրիացի «փոխստականի կողմից յոթնամյա երեխայի բռնաբարությունն է»: Սիրիացի փոխստականները ենթարկվել են տեղի թուրք բնակչության հարձակումներին։

Սիրիայի հյուսիսում բավական սուր են արձագանքել: Մի շարք վայրերում, որտեղ Թուրքիան «դիտորդական պահակակետեր ունի», սիրիացիներն «անարգել են Թուրքիայի դրոշը, պետական այլ խորհրդանշանները եւ արգելափակել թուրքական ավտոշարասյունների մուտքն Աֆրին եւ Էլ-Բաբ քաղաքներ»։ Բաքվի մամուլը գրում է, որ Կեյսարիի անկարգությունները եւ դրանց ի պատասխան Սիրիայի հյուսիսում «հակաթուրքական շարժումը կազմակերպվել է երրորդ կողմից, որպեսզի Էդողան-Ասադ հանդիպումը չկայանա։»

Էրդողան-Ասադ հանդիպմամբ եւ, մանավանդ, թուրք-սիրիական հաշտությամբ շահագրգռված չեն Միացյալ Նահանգները եւ Իրանը: Բաքվի աղբյուրները գրում են, որ Էրդողան-Ասադ հանդիպումը երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով համաձայնեցվել էր դեռեւս անցյալ տարի, բայց «Թեհրանը գործի էր դրել ազդեցության բոլոր լծակները, եւ այն չկայացավ»: Հետեւով, արդյոք, որ այս անգամ էլ «Իրանն է խոչընդոտում թուրք-սիրիական հաշտությանը», բարդ է ասել։

Եթե թուրք-սիրիական հաշտությունը կայանա այնպես, ինչպես Էրդողանն է ասում, կողմերը պայմանավորվեն քրդական ապստամբական ուժերի դեմ համատեղ պայքարի հարցում, ապա ԱՄՆ-ը կորցնում է ազդեցության կարեւոր լծակ: Բայց Թուրքիան մի քանի օր առաջ Իրանին մեղադրել է քուրդ «ահաբեկիչներ ԱԹՍ-եր եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ մատակարարելու մեջ»։

Իրանը ՇՀԿ գագաթաժողովին մասնակցում է «թույլ օղակի» կարգավիճակով: Նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլ է սպասվում, վերնախավի ներսում դեռեւս ոչինչ համաձայնեցված չէ: Այս իրավիճակում Ռուսաստանի «վառած կանաչ լույսի ներքո» Էրդողան-Ասադ որեւէ պայմանավորվածություն, անշուշտ, Իրանի տարածաշրջանային շահերի դեմ է, բայց գրեթե ակնհայտ է, որ ռուս-թուրքական ռազմավարական դաշինք նույնպես չի կայանում:

Սիրիական կարգավորման փորձաքարն ապագա սահմանադրության սկզբունքների համաձայնեցումն է: Միացյալ Նահանգները պնդում է, որ ներսիրիական հաշտույթյունը պետք է կայանա քրդական ինքնավարության ճանաչման եւ ազատ ընտրությունների անցկացման միջոցով: Քրդական հարցում Էրդողանը եւ Ասադը դաշնակիցներ են, բայց Թուրքիան Սիրիայի հյուսիսում օկուպացիոն գոտի է ստեղծել: Մեծ է Ռուսաստանի զինված ներկայության գործոնը, տեղաշրջանում նաեւ Իրանն ունի վերահսկովող ուժեր: Էրդողան-Ասադ շփումները մեծ հավանականությամբ կարող են ոչ թե կայունության, այլ նոր լարվածության եւ սիրիական պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ: