21/07/2024

Ադրբեջանում Էրդողանի ռազմավարական մարտահրավերներն ավելանում են, ընդդեմ Պուտինի՞

Աստանայում Պուտին-Էրդողան բանակցությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելով, Կրեմլի խոսնակ Դմմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Էրդողանը չիկարող միջնորդ լինել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ:

«Ոչ, դա հնարավոր չէ», ասել է Պեսկովը ի պատասխան լրագրողների հարցի, նշելով, որ Ուկրաինայի թեման հանդիպմանը քննարկվել է: Պեսկովի հայտարարությունը խոսում է թերեւս այն մասին, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը չի հաղթահարված այն սառնությունն ու փոխադարձ անվստահությունը, որ հաստատված է երկու երկրների եւ մասնավորապես երկու նախագահների միջեւ:

Դա բավականին շոշափելի զգացվում է նաեւ նրանց հանդիպման այսպես ասած ողջույնի խոսքերում, որոնք ընդհանուր առմամբ բարեկամական են, սակայն որոնցում բավականին շոշափելի է անվստահության նյարդը:

Էրդողանը բացման խոսքում Պուտինին ասել է, որ շատ մոտ ապագայում սպասում է նրան Անկարայում: Թե հանդիպման ընթացքում արդեն ինչ է պատասխանել Պուտինը, պարզ չէ, սակայն Էրդողանի հայտարարությունը հնչում է վերջնագրի նման՝ կամ շատ մոտ ապագայում Պուտինը կկատարի այց Անկարա, կամ… ի՞նչ կանի Թուրքիան, եթե այդ այցը չլինի եւ ՌԴ նախագահը շարունակի հղում անել ժամանակի սղությանը:

Ընդ որում, Պուտինն իր հերթին ընդգծել է Շանհայի գործակցության կազմակերպության շրջանակում հանդիպման հանգամանքը, թերեւս մատնանշելու համար, որ այսօր Ռուսաստանին Թուրքիան հետաքրքրում է միջազգային բազմակողմ ձեւաչափի շրջանակում, իսկ երկկողմը ենթակա է դրան:

Միով բանիվ, ակնառու է, որ ռուս-թուրքական հարաբերությունը բարդ փուլում է եւ այն թերեւս Աստանայի հանդիպումով հաղթահարված չէ: Ավելին, Չինաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործակցության Հռչակագրի ստորագրումը ըստ ամենայնի դուրս չէ ռուս-չինական քննարկումներից: Փաստացի, Էրդողանի՝ այսպես ասած Շուշիի Հռչակագրին փաստորեն արդեն հանդիման կա ոչ միայն 2022 թվականի փետրվարի 22-ի ռուս-ադրբեջանական դաշնակցային Հռչակագիրը, այլ նաեւ 2024 թվականի հուլիսի 3-ի չին-ադրբեջանական ռազմավարական գործակցության հռչակագիրը:

Ադրբեջանում Էրդողանի ռազմավարական մարտահրավերներն ավելանում են, միեւնույն ժամանակ նա փաստորեն չի կարողանում վերականգնել այն դերը, որ կորցրեց նախորդ տարի ամռանը ՆԱՏՕ Վեհաժողովին ընդառաջ՝ պայմանավորվածությունների գնալով Արեւմուտքի հետ, որոնք բավականին մարտահրավերներ էին պարունակում Ռուսաստանի համար:

Մինչդեռ, Անկարայի խաղի ռազմավարական պաշարը այն բալանսն է, որ նա փորձել է պահել Արեւմուտքի եւ Ռուսաստանի, կամ մասնավորապես ԱՄՆ ու Ռուսաստանի միջեւ: Ուկրաինայում միջնորդության հանգամանքը մեծ հաշվով այդ մասին է, այլ ոչ թե պատերազմի դադարեցման հարց լուծելու: Պեսկովը հայտարարում է, որ Էրդողանը չի կարող լինել միջնորդ:

Ընդ որում, դա ասվում է նաեւ այն ֆոնին, որ Ուկրաինա էր այցելել Հունգարիայի վարչապետ Օրբանն ու զուգահեռ տեղի էր ունեցել ՌԴ եւ Հունգարիայի արտգործնախարարների հեռախոսազրույց: Արդյո՞ք Էրդողաննը փոխարինվում է Օրբանով, ընդ որում լայն իմաստով, հաշվի առնելով նաեւ այն, որ մայիսին եվրոպական տուրնեի շրջանակում Հունգարիայում էր եղել նաեւ Սի Ցզինպինը՝ Ֆրանսիայից եւ Սերբիայից հետո:

Ի դեպ, Սերբիայի վարչապետ Վուչինչն էլ անսպասելի հայտարարել է, որ ԱՄՆ ու Սերբիան վաղեմի դաշնակիցներ են: