05/10/2024

Սերժ Սարգսյանն էլ 80 հազար անդամավճար է վճարել, կուսակցությունը 2023-ին չթույլատրված նվիրատվություն է ստացել. Ի՞նչ «ռոմանսներ» են «երգում» ՀՀԿ-ի ֆինանսները

Շարունակում ենք ներկայացնել ՀՀ քաղաքական դաշտում քիչ թե շատ ակտիվ, իշխանության հրաժարական պահանջելիս էլ՝ գերակտիվ  դերակատարում ունեցող կուսակցությունների՝ վերջին երկու տարիների  տարեկան ֆինանսական հաշվետվությունները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել քաղաքական այդ կազմակերպությունների կարողությունների (գույք, ֆինանսներ,  նվիրատվությունների չափ ու նվիրատուներ) մասին։

Մասնավորապես խորհրդարանական ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ»  դաշինքի կազմում ԱԺ մուտք գործած ՀՀԿ-ի 2022 թ. ֆինանսական հաշվետվությունը  վկայում է, որ ՀՀԿ-ն թեև իշխանության չէ, սակայն հնուց՝ լավ օրերից,  կուտակած կայք ու կալվածքներ ունի՝ մասնավորապես անշարժ գույքի տեսքով։ Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքի ցանկում հայտարարագրվել են  մասնավորապես մի քանի վարչական շենք,  տարածք, ինչպես նաև՝ ավտոհանգրվան, ավտոտնակ,  տարածք, հողամաս, ոչ բնակելի տարածք, հանրակացարան, կինոյի տուն, կենցաղի տուն, գրասենյակ, աստիճանահարթակ, ավտոտնակ… Թվով 39 միավոր անշարժ գույք, որոնց հասցեները, սակայն, նշված չեն հաշվետվության մեջ։

2022-ի մարտի 14-ից էլ  (գործունեության սկիզբ) ընդդիմադիր դարձած ՀՀԿ-ն սկսել է ակտիվացնել տարածքային ստորաբաժանումները և այդպիսիք  ունի Երևանի Աջափնյակ, Կոմիտաս, Ավան, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Նուբարաշեն, Շենգավիթ, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք հասցեներում,  ինչպես նաև Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքներում։ Հանրապետության այլ մարզերում կուսակցության տարածքային կազմակերպությունների գործունեության մասին 2022-ի հաշվետվության մեջ նշում  չկա։

Մուտքեր  

Արդ, տեսնենք, թե ինչ վիճակում է  Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության ֆինանսական դրությունը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  փողոց դուրս եկած ՀՀԿ-ն  «Դիմադրության շարժման» տարում՝ 2022-ին,    որպես նվիրատվություն ստացել է ընդամենը 8 մլն 829 962 դրամ, որից 664 հազար 962 դրամը՝ բնեղենով։ Կուսակցության անդամավճարներն էլ կազմել են 194 մլն 486 հազար 250 դրամ, անշարժ գույքի վարձակալության հանձնելուց գոյացած  մուտքերը  կազմել են 770 հազար 645 դրամ, «այլ մուտքեր»-ը՝ 24 հազար 287 դրամ։ Հաշվետու տարում ՀՀԿ-ն ընդհանուր  204 մլն 111 հազար 144 դրամ մուտքեր է ունեցել (որից 203 մլն 446 հազար 182 դրամը՝ դրամական միջոցների շարժ)։  Նախորդ տարվանից մնացած դրամական միջոցների մնացորդն էլ կազմել է 6 մլն 306 հազար 633 դրամ։

Ելքեր

Հատկանշական է, որ կուսակցությունն իր միջոցների մեծ մասը՝ 104 մլն  384 հազար 493 դրամը ծախսել է որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարներ, 39 մլն 519 հազար 656 դրամ էլ  կազմել են հարկերը, տուրքերն ու այլ պարտադիր վճարները,  կոմունալ վճարների համար էլ ծախսել է  23 մլն 416  հազար  175 դրամ։ Կուսակցության ընդհանուր ելքերը կազմել են 202 մլն 847 հազար 54 դրամ։ 2022 ֆինանսական տարին  ՀՀԿ-ն «փակել» է  դրամական միջոցների 6 մլն 905 հազար 761 դրամ մնացորդով։ Ի դեպ, կուսակցությունը, որի վարչական շենքի բակը զարդարում էին անդամների  ճոխ ու գերթանկարժեք ավտոմեքենաները,    «մինուճար» տրանսպորտային միջոց ունի՝ 1993 թ. արտադրության ՎԱԶ 2121 ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենա։

Նվիրատուներ և «թոփ նվիրատու»

Ուշագրավ է կուսակցության նվիրատուների ցանկը, որոնց անձը հաստատող փաստաթղթի համարները, սակայն, azdarar.am-ում հրապարակված հաշվետվության մեջ նշված չեն։ Սակայն կարելի է ենթադրել, որ դրանք հայտնի և ոչ այնքան հայտնի ՀՀԿ-ականներն են։  Ըստ այդմ՝ ամենախոշոր նվիրատվությունը հաշվետու տարում կատարել է Դավիթ Հարությունյանը՝ 1 մլն 600 հազար դրամ,  այնուհետ՝ Գեորգի Գաբրիելյանը՝ 1 մլն 500 հազար դրամ, Սերգեյ Անտոնյանն էլ՝ 1 մլն դրամ։ Նվիրատուների ցանկում է նաև Գագիկ Մինասյանը՝ 600 հազար դրամ նվիրատվությամբ։ Նկատենք, որ նույն անձը՝ Գասպար Գասպարյանը,  մի քանի անգամ է կատարել նվիրատվություն ու տարբեր գումարներ փոխանցել՝ այսպիսով հավակնելով «թոփ նվիրատու» տիտղոսին։ Ենթադրում ենք, խոսքը այն՝ կուսակցական տարբեր պաշտոններ զբաղեցրած  Գասպար Գասպարյանի մասին է, որը  2010թ. պարգևատրվել է ՀՀԿ նախագահի պատվոգրով ՀՀԿ ակտիվ գործունեության համար:

Անդամավճարներ. Շուշանն ու Մարգոն՝ 5 հազար, Աշոտյանն ու Տարոնը՝ 80 հազար

Հաշվետվության մեջ է ներառված նաև կուսակցության՝ տարվա տարբեր օրերի  անդամավճար վճարած անձանց ցանկը։  Ըստ այդմ՝ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը 2022 թ. փետրվարի 15-ին վճարել է 80 հազար դրամ,  Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը՝ նույնքան, ՀՀԿ-ի «գաղափարական հայր» համարվող Մուշեղ Լալայանը,  Մարգարիտ Եսայանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու  Տիգրան Աբրահամյանը՝  5-հազարական դրամ,  Աննա Մկրտչյանը՝ 10 հազար դրամ,  Էդուարդ Շարմազանովը՝ 50 հազար դրամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ 25 հազար դրամ (անդամավճարները կատարվել են տարբեր ամսաթվերի)։  Կոտայքի մարզի նախկին մարզպետ Կովալենկո  Շահգալդյանն էլ  100 հազար դրամ անդամավճար է վճարել,  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախկին  փոխնախարար Արսեն Քարամյանը՝ 40 հազար դրամ,   ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ՝ «սրբազան պայքարի» ակտիվիստուհի,  երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ՝ 5 հազար դրամ։ Նշենք, որ կուսակցության հաշվետվության մեջ որպես վճարված  անդամավճարի նվազագույն չափ նշված է 100 դրամը։

Վարձակալությամբ տրված գույք և պարտք

Կուսակցությունը 2019-ին և 2022-ին երկու վարչական շենք է հանձնել վարձակալության և մեկ շինություն,  մուտք ունեցել  770  հազար 645 դրամ։ Անշարժ գույքը շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու արդյունքում հաշվարկված մուտքեր տողում էլ նշված են 1 բնակելի տուն (կադաստրային արժեքը՝ 9 մլն 545 հազար 139 դրամ ) և մեկ խանութ (կադաստրային արժեքը՝ 18  մլն 662 հազար 956 դրամ)։ Հաշվարկված ոչ դրամային մուտքը կազմել է 564 հազար 162 դրամ։

ՀՀԿ-ն նաև տարեվերջին պարտք է ունեցել՝ կրեդիտային, որը կազմել է  6 մլն 229 հազար  659 դրամ։

Նկատենք, որ կուսակցության աուդիտն իրականացրած աուդիտորական կազմակերպությունը որևէ  խախտում չի հայտնաբերել 2022-ի հաշվետվության մեջ, այսինքն՝ «օկ» է համարել ներկայացված տվյալները։

2023 թվականի հաշվետվության մեջ ամեն ինչ չէ, որ «օկ» է

Ի տարբերություն 2022-ի ֆինանսական հաշվետվության՝ ՀՀԿ-ի 2023 թվականի հաշվետվության աուդիտորական եզրակացության մեջ աուդիտորը վերապահումով կարծիք է հայտնել։  Ըստ այդմ. «2023թ. ընթացքում թվով երկու տեղական ինքնակառավարման մարմիններից, գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով, անշարժ գույքի վարձակալության գործարքներից կուսակցության մոտ ձևավորվել է հաշվարկված խնայողություն (բնեղեն նվիրատվություն)՝ 2 723 677 ՀՀ դրամի չափով, ինչը, «Կուսակցությունների մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն, հանդիսանում է չթույլատրված նվիրատվություն: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում դրանք փոխանցել պետական բյուջե: Սակայն կուսակցությունը նշված գործարքներից բնեղեն նվիրատվություն չի հաշվարկել և այդ չափով պետական բյուջե փոխանցում չի իրականացրել»: Եվ բացի դրանից. «1.1 Ղեկավար անձնակազմ» աղյուսակում ներկայացված ղեկավար անձնակազմի կազմը և նրանց պաշտոնը ստանձնելու ամսաթվերը չեն համապատասխանում ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում առկա տվյալներին, չնայած նրան, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում ենթակա են գրանցման»:  ՀՀԿ համագումարում, հիշեցնենք, ընտրվեց 18-հոգանոց վարչությունը՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ (այդ թվում՝ Գալուստ Սահակյանը, որը վախճանվել է)։ Ղեկավար անձնակազմում են նաև ԱԺ պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը։

«Տարածվում» եք, որ ի՞նչ անեք      

Կուսակցությունը, դատելով 2023 թ. հաշվետվությունից,  է՛լ ավելի է ընդլայնել իր տարածքային ստորաբաժանումների ցանկը և  բացի Երևանից  ու Արարատի մարզից  ընդգրկել  այլ մարզեր՝  Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Շիրակ, Լոռի, Արմավիր, Կոտայք, Սյունիք։ Բոլոր այս համայնքներում  ՀՀԿ-ն 2022-ի մարտի 14-ից  (գործունեության սկիզբ) կառույցներ ունի, որոնցից մի քանիսում, սակայն, դադարեցրել է գործունեությունը 2023 թ. հունիսի 12-ին։ Հատկանշական է, որ 2022-ի հաշվետվության մեջ մի շարք համայնքներում տարածքային կազմակերպությունների գործունեության մասին հիշատակված չէ, թեև 2023-ի հաշվետվության մեջ նշված է, որ դրանց գործունեությունը  սկսվել է 2022-ի մարտի 14-ից։

Նվիրատուների ցանկն ընդլայնվել է, չափը՝ նվազել   

 Կուսակցությունը 9 մլն 600 հազար դրամ նվիրատվություն է ստացել 2023-ին, որպես բնեղենով նվիրատվությունների չափ նշված է 979 հազար 286 դրամ։ Նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 10 մլն 579 հազար 286 դրամ։ Կուսակցության մուտքի վճարները, սակայն, կազմել են 186 մլն 15 հազար 310 դրամ։ Կուսակցության անշարժ գույքի վարձակալությունից ստացած մուտքերը կազմել են 930 հազար դրամ, ելքերը (ընդամենը)՝ 197 մլն 448 հազար 210 դրամ, որից ավելի քան 111 միլիոնը՝ աշխատանքի վարձատրության գծով։ Դրամական միջոցների մնացորդը տարեվերջին կազմել է 6 մլն 28 հազար 579 դրամ։  Կուսակցության նվիրատուների թիվը մոտ 140 է,  որոնք տարբեր չափերի գումար են նվիրաբերել՝ 30-ից մինչև 800 հազար դրամ։  Անդամավճարների բաժինն ուսումնասիրելիս էլ պարզեցինք, որ 2023 թվականին մասնավորապես Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը դարձյալ 80 հազար դրամ անդամավճար են վճարել, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը՝ 5-հազարական դրամ, Էդուարդ Շարմազանովը՝ 20 հազար, Դավիթ Հարությունյանը՝ 40 հազար դրամ։

Հ. Մանուկյան