21/07/2024

Վաղեմի թշնամություն, վեճեր ու ծեծ որդիների միջև. ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Ամբերդի սպանության գործից. Տեսանյութ

Ոստիկանությունը անդրադարձել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում կատարված սպանությանը՝ հայտնելով, որ շատ հանգամանքներ դեռ պարզվում են:

Ըստ ոստիկանության՝ հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ շտապօգնության խումբը Ամբերդ գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդու, որն ունեցել է հրազենային վիրավորում, եղել՝ անգիտակից վիճակում: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է:

Նշվում է, որ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17:30-ի սահմաններում Ամբերդ գյուղի դպրոցի հարակից տարածքում նույն գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը կյանքից զրկելու դիտավորությամբ ինքնաձիգով կրակահերթ է արձակել համագյուղացու վարած «Օպել Զաֆիրայի» ուղղությամբ: Պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է: Հետագա միջոցառումների արդյունքում ամբերդցի 43-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը:

Իրավապահները որոշակի տեղեկություններ են ունեցել սպանության դրդապատճառի վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների՝ կատարողի և տուժողի միջև թշնամանքն ունի նախապատմություն. նախկինում վեճ, կռիվ ու ծեծկռտուք է եղել նրանց որդիների միջև, որը հաշտությամբ չի հանգուցալուծվել:

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանության օրը 43-ամյա տղամարդու «Օպել Աստրա Ջի» մակնիշի մեքենան վարել է 46-ամյա համագյուղացին:

Հունիսի 12-ին՝ սպանությունից առաջ՝ ժամը 17:30-ի սահմաններում, երբ երկուսով մեքենայով եղել են Ամբերդ գյուղի Հաղթանակի փողոցում՝ նկատելով հանդիպակաց երթևեկող «Տոյոտա Քեմրին», որը վարել է ավելի ուշ սպանված տղամարդու որդին, այն նույն երիտասարդը, որի հետ իր որդու վեճը հաշտությամբ չի ավարտվել, ընթացքի ժամանակ ինքնաձիգով շուրջ 5 անգամ կրակել է «Տոյոտայի» ուղղությամբ։

Այդ օրը «Օպել Աստրան» վարած 46-ամյա տղամարդը հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Շենավան գյուղում, ձերբակալվել, տվել խոստովանական ցուցմունք և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Արմավիրի մարզի Շահումյան գյուղում։

Հունիսի 14-ին քննչական մարմինը 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացրել քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ սպանություն, սպանության փորձ և ապօրինի զենք պահելը:

Համատեղ միջոցառումներով պարզել է, որ հունիսի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, սպանվածի 29-ամյա որդին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով շրջել է հոր սպանության վայրի տարածքում, ենթադրաբար՝ նաև կրակոցներ արձակել: Իսկ ըստ մեկ այլ տեղեկության՝ նա շարունակել է իր մոտ պահել ապօրինի ինքնաձիգը և այլ զինամթերք, նաև՝ պատրաստվել մեկնել Հայաստանից:

Հունիսի 18-ին՝ գիշերվա ժամը 3:30-ին, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում և տեղափոխվել Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 21-ին երիտասարդը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել ապօրինի պահվող ինքնաձիգը: Վաղարշապատի քննչական բաժնում նա հանձնել է ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը։

Քրեական վարույթի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունիսի 21-ին խուզարկություն է կատարվել երիտասարդի բնակության վայրում: Տանիքում հայտնաբերվել է մարտական հինգ նռնակ և երկու պայթուցիչ։

Նախաքննությունը շարունակվում է: