Monument Watch-ը ահազանգում է․
Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։ Այդպիսի միջոցառումներից մեկը 2024 թվականի հունիսի 21-ից 22-ը Նախիջևանում անցկացված ազգագրական փառատոն-համագումարն էր, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։
Փառատոնը կազմակերպվել էր Ադրբեջանի և Նախիջևանի նախագահների, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի ինքնավար Հանրապետության պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի կողմից։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած ադրբեջանցիների «պատմական իրավունքները»։
Փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։ Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են որպես զուտ ադրբեջանական, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ին նվիրված բանահյուսության օրինակներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ և այլն։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել են նաև հայկական խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ՝ նկատի ունենալով ոչ թե Հայաստանը, այլ , բնականաբար, Ադրբեջանը (նկ․ 1, 2, 3, 4 ):
Փառատոն-համագումարի առաջին օրն անցկացվել է Բաթաբաթ սարահարթում։ Այստեղ տեղադրվել են վրաններ, որոնք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության 11 մարզերը՝ (ադրբեջանցիների կայքերում ՀՀ մարզերը ներկայացվում են որպես «Արեւմտյան Ադրբեջանի»-ի նահանգներ)։ Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում է հայկական մշակույթի բռնյուրացման իր տարբերակը՝ ներառյալ բանահյուսությունն ու ազգագրական մշակույթը, ազգային խոհանոցն ու արհեստները։ Երկօրյա միջոցառումը դարձել է նաև Հայաստան (իրենց խոսքով «Արևմտյան Ադրբեջան») վերադառնալու թեմայով սոցիալ-մշակութային քննարկումների հարթակ։
Փառատոնի «գիտական» քննարկումներում ներգրավված են եղել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան, Բաքվի պետական համալսարանը, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան, Բաքվի ճարտարագիտական համալսարանը: Նպատակը՝ ապահովել գիտակրթական հանրույթի աջակցությունը «հինավուրց հայրենիք»՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացին։ Հիշեցնենք, որ նման մեկ այլ փառատոն էլ անցկացվել է 2023 թվականի նոյեմբերին՝ կրելով նույն խորագիրն ու հայկական ժառանգությունը յուրացնելուի նույն նպատակը։
Մեր արձագանքը
Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ «Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝ Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։

Բաց մի թողեք
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»
Հորդանանի, Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները չեն ընդհատվել