18/07/2024

Վանեցյան գերդաստանի անդամները՝ ԱԱԾ նախկին տնօրենի «Հայրենիք» կուսակցության նվիրատուներ. Ի՞նչ խախտում է հայտնաբերել աուդիտորը 2023 թ. ֆինհաշվետվության մեջ

ՀՀ քաղաքական կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների ներկայացման այսօրվա հերթում «Հայրենիք» կուսակցությունն է, որի ղեկավարը «Ոգին հաղթելու է դուխին» ֆեյսբուքյան ողջույնով Բագրատ արք. Գալստանյանի քայլերթը «դիմավորած» ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանն է։

Նախորդ տարի ընդամենը 2 հազար անդամ ունեցող այս կուսակցությունը, որը, ինչպես իր հաշվետվության նախաբանում է նշվել՝ «կարևորում է ժողովրդի անքակտելի իրավունքը իշխանության ձևավորման ու իրականացման գործում», որպես մուտք 70 միլիոն 158 հազար 180 դրամ դրամական նվիրատվություն է ստացել, որից 99 հազար 180 դրամը՝ բնեղենով։ Ստացված նվիրատվությունից 62 մլն 584 հազար դրամը կուսակցությունը ծախսել է որպես գույքի վարձակալության դիմաց վճար, 4 մլն 671 հազար 739 դրամն էլ «ելք» է արել որպես հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ։ Կուսակցության կոմունալ ծախսերը բավական համեստ են՝ 250 հազար դրամ, գործուղման համար էլ կուսակցության «գանձարանից» ելք է արվել 10 հազար դրամ։ Ընդհանուր ելքերը կազմել են 67 մլն 515 հազար 739 դրամ, դրամական միջոցների մնացորդը տարեվերջին կազմել է 2 մլն 628 հազար 333 դրամ։ ԱԱԾ նախկին տնօրենի կուսակցությունը պարտքեր էլ ունի՝ 10 հազար դրամ որպես կրեդիտային պարտք, որպես այլ պարտավորություններ՝ 3 մլն 674 հազար 866 դրամ։

«Հայրենիք»-ի նվիրատուների ցուցակն ուսումնասիրելիս պարզեցինք, որ խոշոր նվիրատուների ցանկում են Վանեցյան գերդաստանի որոշ ներկայացուցիչներ։ Մասնավորապես Տիգրան Վանեցյանը երկու անգամ նվիրատվություն է կատարել՝ մեկ անգամ 1 մլն դրամ, երկրորդ անգամ՝ 1 մլն 500 հազար դրամ, Գուրգեն Վանեցյանն էլ 2 մլն 500 հազար դրամ է նվիրաբերել, իսկ Արտյոմ Վանեցյանը (ենթադրաբար ԱԱԾ նախկին տնօրենի որդին է) նույնպես նույն օրը՝ հունիսի 28-ին, 2 մլն 500 հազար դրամ է նվիրաբերել։ Հետաքրքիր է՝ որտե՞ղ է աշխատում Արտյոմ Վանեցյանը, որ հայրիկի ղեկավարած հիմնադրամին նման խոշոր նվիրատվություն է կատարում։ Մյուս խոշոր նվիրատուն կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն է՝ 2 մլն 500 հազար դրամ է նվիրաբերել։ Նա նախորդ տարի՝ 2022-ին, նույնպես նույնքան գումար էր նվիրաբերել։ Գալստյանն, ի դեպ, վերջերս գործուղվել էր «սրբազան շարժման»՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հավաքին ու հերթական անհեթեթությունները որպես քաղաքագիտական վերլուծություն մատուցելուց, ադրբեջանական նարատիվները տարածելուց զատ՝ չմոռացավ նաև «հանց քաջազուն» հայրենասիրության դասեր տալ ներկաներին՝ հղում անելով Խորենացուն ու Եղիշեին, թե՝ «քաջերի սահմանը նրանց զենքն է, որտեղ կտրեց, այնտեղ էլ տիրելու են», «մահ իմացեալ՝ անմահություն»։ Շեղվենք մի պահ ու հարց հղենք երբեմնի ԲՀԿ-ական, Ծառուկյանի մամլո խոսնակ, Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, այժմ էլ ԵՊՀ պրոֆեսոր «Խաչիկ արիասիրտին»՝ մի՞շտ է այսքան «դուխով», եղել, թե՞ «դուխավորվում» է միայն միկրոֆոն տեսնելիս, եկեղեցիների բակում «անշառ ելույթներ» ունենալիս, միաժամանակ սուր ճոճելով իշխանության ուղղությամբ, թե՝ «այս չարիքի, սատանայի իշխանությանը հեռացնելու համար պետք է ապավինել Աստծուն»։ Աստված պահապան, Խաչիկ Գալստյան։

Նվիրատվությունների ցանկում, նկատենք, գերակշռում են 2 մլն 500 հազար դրամի չափով նվիրատվությունները, և այդ չափով ընդհանուր 22 հոգի նվիրատվություն է կատարել, ամենափոքր նվիրատվությունն էլ 100 հազար դրամն է եղել, որը կատարել է Ահարոն Վարդանյանը։ Նվիրատվությունները եղել են նաև «ինտերնետային վճարի» տեսքով՝ 99 հազար 180 դրամ, որը կատարել է Պավել Ադոնցը։ Նրա անունը՝ կատարած 2 մլն 500 հազար դրամ նվիրատվությամբ, նույնպես առկա է նվիրատուների ցանկում։ (Հարկ է նկատել, որ ի տարբերություն 2022 թ. հաշվետվության նվիրատուների ցուցակի, որում բացակայում էին նվիրատուների անձը հաստատող փաստաթղթի համարները, 2023 թ. հաշվետվության մեջ այդ տվյալները հրապարակված են)։

Հարկ է նկատել, որ կուսակցության հաշվետվության աուդիտն իրականացրած աուդիտորական կազմակերպությունն իր եզրակացության մեջ վերապահումով կարծիք է հայտնել։ Ըստ այդմ. «Օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված և չվերադարձված դրամական նվիրատվություններ» Ծանոթագրությունում, Կուսակցությունը 2023 թվականի ընթացքում ֆիզիկական անձից ստացել է «Կուսակցությունների մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկ ֆիզիկական անձի կողմից նվիրատվության առավելագույն սահմանաչափը գերազանցող նվիրատվություն` գերազանցող մասը կազմում է ընդամենը 250 000 ՀՀ դրամ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կուսակցության համար սահմանված նվիրատվության, անդամավճարի կամ մուտքի վճարի սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե, սակայն Կուսակցությունը սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ չի վերադարձրել նվիրատուներին, ինչպես նաև չի փոխանցել պետական բյուջե»: Բացի սրանից, ըստ եզրակացության, կուսակցության 2023 թվականի տարեկան հաշվետվության «1.1 Ղեկավար անձնակազմ» աղյուսակում ներկայացված ղեկավար անձնակազմի կազմը և նրանց պաշտոնը ստանձնելու ամսաթվերը չեն համապատասխանում ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում առկա տվյալներին, չնայած նրան, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում ենթակա են գրանցման: Հարկ է նկատել, որ 2022 թ. ֆինանսական հաշվետվության մեջ, որին անդրադարձելենք նախորդիվ, աուդիտորական եզրակացության մեջ նույնպես վերապահումով կարծիք է ներկայացվել մի շարք կետերով, այդ թվում՝ նվիրատվությունների, նշված էր Կուսակցության ղեկավար անձնակազմի կազմը և նրանց պաշտոնը ստանձնելու ամսաթվերի՝ ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում առկա տվյալներին չհամապատասխանելու մասին։ Այս խախտումը, փաստորեն, մեկ տարվա ընթացքում չի լուծվել։ Նշենք, որ կուսակցության ղեկավար անձնակազմում հաշվետվության մեջ ներկայացվել է 8 անձի անուն՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, Սոս Սարգսյան, Արսեն Բաբայան, Ռոբերտ Հարությունյան, Նարինե Ադոնց, Արմինա Դարբինյան, Ժասմեն Ասրյան։ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, նկատենք, նույնպես 2020 թ. համագումարում ընտրվել էր խորհրդի կազմում, սակայն նրա անունը բացակայում է հաշվետվության մեջ։ Նա, մինչդեռ, մեկ տարի անց՝ 2021-ին, հեռացավ կուսակցությունից։ Արա Սահակյանը 2021-ի մայիսին հարցացրուց էր տվել «Ա1+»-ին և մասնավորապես հայտարարել. «Արդեն չորս ամիս է՝ որևէ կապ չունեմ «Հայրենիք» կուսակցության հետ։ Տարաձայնությունը վերաբերում էր ընտրությունների նախապատրաստման ռազմավարությանը։ Արդյունքն էլ պարզ էր, որ ես ճիշտ էի, որ ընտրված ճանապարհը հեռացնում էր այն նպատակներից, որ մենք հռչակել էինք։ Հավանաբար այդ նպատակներն էին կեղծ եղել։ Հիմա ինչ կուսակցություն ստեղծում են՝ դառնում է ԲՀԿ։ Այսինքն՝ դառնում է մի ղեկավարի, փողերը դնող մի ղեկավարի կառույց։ Դա քաղաքական կուսակցություն չի։ Ես համարում եմ, որ այն ոչ քաղաքական կազմակերպություն դարձավ»։

Հ. Մանուկյան