09/10/2024

Վովա Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին, սակայն պատիժը չեն կրի համաներման հիմքով

Հակակոռուպցիոն դատարանում հրապարակվեց Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատավճիռը:

Գասպարյանն ու Երանոսյանն մեղավոր ճանաչվեցին և ազատվեցին քրեական պատասխանատվությունից ՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Հիշեցնենք, որ գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ):

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38(հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեղադրող դատախազն իր ճառում միջնորդել էր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման, Լևոն Երանոսյանին՝ 8:

Ոստիկանության Ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը և Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղավոր են ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցվել է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2020 թվականին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ իրենց մոտ քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կատարած պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:

Գասպարյանին, Երանոսյանին եւ ևս երկու անձի մեղադրանք էր առաջադրվել:

Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը: Հայտնել է ՀՀ դատախազությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավելի վաղ հրապարակվել էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուս 2 ենթակաների գործով դատավճիռը:

Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հոդվածներով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից: