20/07/2024

Թեհրանի թեմը, ենթարկվում են ՀՅԴ-ի որոշումներին, քանի որ հայաստանյան ՀՅԴ-ական կլանի հետ բիզինես շահեր ունեն. Լուսանկար

«Սրբազան» կոչվող՝ արձակուրդում գտնվող շարժմանը, ինչպես հայտնի է, իր աջակցությունն էր հայտնել Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը՝ ի թիվս սփյուռքի այլ թեմական առաջնորդների, և ապրիլի վերջին «զորակցական նամակ-ուղերձ» էր հղել շարժումը գլխավորող Բագրատ արք. Գալստանյանին։

«Թեհրանի մեր ժողովրդի մեծագոյն մասն իր մանուկներով, երիտասարդներով և տարեցներով Ձեր կողքին կանգնած է և աղօթում է Ձեր յաջողութեան համար, որովհետև Ձեր յաջողութիւնը մեր յաջողութիւնն է: …Բոլորս միասին պիտի պայքարենք, սիրելիներ, մեր ժողովուրդի իրաւունքների պահպանման համար՝ Տաւուշում և այլուր, որովհետև այս հողերը մեր ժողովուրդը մեզի կտակած է իր արեան յեղումով, և չենք կրնար մենք թափւած արիւնը իսպառ մոռանալ: Վստահ ենք, որ այն պիտի վերընձիւղւի մեր հայրենիքի հողին ամէն մէկ շերտին վրայ և ծնունդ պիտի տայ նոր Ղևոնդ Երէցներու, ծնունդ պիտի տայ նոր մարտիկներու և նոր հերոսներու»,- մասնավորապես ասված էր Բագրատ արքեպիսկոպոսի «թեհրանյան աղոթակցի» նամակում:

Թեհրանում ապրող վերլուծաբան Սահակ Շահմուրադյանի հետ զրույցում նկատեցինք՝ իշխանափոխության օրակարգով հերթական շարժումը, փաստորեն, այս անգամ էլ ձախողվեց՝ աջակցություն հայտնած թեմերի առաջնորդներին դնելով անհարմար դրության մեջ։ Թեհրանի թեմի առաջնորդն արդյոք շարունակո՞ւմ է «զորակցել» շարժմանը, և ի՞նչ վերաբերմունք ունի սույն շարժման նկատմամբ թեհրանահայ համայնքը, որի մեծամասնության անունից էլ, փաստորեն, իր նամակում հանդես էր եկել Սեպուհ արքեպիսկոպոսը։

«Կեղծ ընդդիմադիր այդ շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի թիկունքում ակնհայտորեն կանգնած են դաշնակներն ու հակապետական, ռևանշիստ, ռուսամետ ընդդիմադիր պրոքսի գործակալները, ինչպես նաև Էջմիածնի Կաթողիկոսությունը և Կիլիկիո կաթողիկոսության որոշ հոգևորական դասի դաշնակամետ, հակապետական հոգևորականների ներկայացույցիչներ։ Այս «պրոյեկտը» ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ օտար պետությունների, սփյուռքի դաշնակցական հոսանքի կողմից հովանավորվող այս պետականակործան շարժումը չէր կարող հանրային աջակցություն գտնել և ամուր դիրքեր գրավել Հայաստանի և Սփյուռքի լայն շրջանակներում։ Թե ՀՀ-ի, թե Սփյուռքի բոլոր առողջ քաղաքական, հասարակական բջիջները միտված են Հայաստանում ստեղծել ամուր և ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն, ինքնիշխան, ազատ և անկախ երկիր՝ ի հեճուկս շարժման ու դրա հովանավորների նկատակների»,- արձագանքեց Շահմուրադյանը։

Ինչ վերաբերում է Բագրատ Գալստանյանին Սփյուռքի Անթիլիասական եկեղեցու հոգևոր հովիվների և հատկապես Թեհրանի թեմի առաջնորդների կողմից ցուցաբերված աջակցությանը, ապա, ըստ մեր զրուցակցի. «Ակներև է, որ նրանք համագործակցում և շատ դեպքերում նույնիսկ ենթարկվում են ՀՅԴ-ի որոշումներին, քանի որ հայաստանյան դաշնակցական կլանի հետ համատեղ բիզինես շահեր ունեն և բազմաթիվ թելերով կապված են հայկական օլիգարխ դասի ներկայացուցիչների հետ։ Բնական է, որ նրանք պետք է փորձեն սատարել Հայաստանում ցանկացած հակապետական՝ վարչապետի, կառավարության կործանման դավադրական գործընթացներին։ Ավելացնեմ, որ թեհրանահայ համայնքի մեծ մասը անտեղյակ ու անտարբեր է Դաշնակցության և թեմի եկեղեցական ու համայնքային պատասխանատու մարմինների գործընթացներին և գաղտնի գործարքներին և օտարված այդ ամենից։

Այստեղ կրկին պետք է քննադատության սլաքն ուղղեմ Հայաստանի իշխանություններին և Սփյուռքի հետ կապի պատասխանատուներին, քանի որ նրանք նույնպես համարժեք հետաքրքրություն չեն ցուցաբերում հատկապես իրանահայ համայնքի հայաստանամետ շրջանակների հետ կապերի, գործակցության ամրապնդմանը, որպեսզի կարողանան առողջ շրջանակների հետ համագործակցաբար չեզոքացնել դաշնակների, Հայաստանում նրանց պրոքսիների հակապետական գործունեությունը։

Հատկանշական է, որ Հայաստանի պետականակործան գործընթացներում ՀՅԴ-ն բավականին աշխույժ է ոչ միայն Իրանում, այլև տարբեր երկրներում, ինչը, ցավոք, աչքաթող է արվում Հայաստանի իշխանությունների կողմից։ Զգուշացնեմ, որ երկարատև հեռանկարում նրանց այս վարքագիծը լավ բանի չի հանգեցնելու հանդեպ Հայաստանի իշխանությունների»։

Հ. Մանուկյան