23/12/2024

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմամբ հետաքրքրված են ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Հրվ. Կորեան և Չինաստանը. ՏԿԵ փոխնախարար

«Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը»,- DW-ին տված հարցազրույցում ասել է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Հայաստանում քննարկվում է տարբերակ, որի դեպքում նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է լինի 600-700 ՄՎտ-ից բարձր»,- ասել է նա։ Կառավարությունը, նրա խոսքով, հակված է փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելուն, սակայն այս ճանապարհին գլխավոր խոչընդոտն այն է, որ ներկայումս աշխարհում նման տիպի գործող ԱԷԿ չկա։ Ուստի ՀՀ կառավարությունը չի շտապում վերջնական որոշում կայացնել։

«Եթե մենք ուզում ենք արագացնել գործընթացը, ապա պետք է կառուցենք ավանդական տեխնոլոգիաներով ատոմակայան՝ 1000 ՄՎտ-ից ավելի հզորությամբ, ինչը զգալիորեն գերազանցում է մեր կարիքները»,- պարզաբանել է Վարդանյանը։

Ռեակտորի մոդելի և մատակարարող երկրի ընտրության վերաբերյալ իշխանությունները մտադիր են վերջնական որոշում կայացնել մինչև 2025 թվականի կեսերը, հավելել է նա։