21/01/2025

Արդյո՞ք Լոնդոնում կլինի Փաշինյան – Ալիեւ հանդիպում, գուցե կուլիսներո՞ւմ

Լոնդոնում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորորդ գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Ալիեւը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների: Հայտնի է նաեւ, որ Լոնդոնի գագաթնաժողովին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ այդմ հարց է առաջանում, արդյո՞ք կլինի Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Վերջին այդպիսի հանդիպումը եղել է փետրվարին՝ Մյունխենում, անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում, Գերմանիայի կանցլերի հովանու ներքո: Հետո էլ Բեռլինի նախաձեռնությամբ տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպում:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին ենթադրություններ կամ տեղեկատվական հոսքեր կարծես թե չեն եղել: Սա իհարկե չի նշանակում, որ հանդիպումը բացառվում է: Սակայն, հարկ է նկատել, որ այդ ձեւաչափի նախորդ գագաթնաժողովի շրջանակում, որ տեղի ունեցավ Գրանադայում, Փաշինյան-Ալիեւ-Մակրոն-Շոլց-Միշել սպասվող հնգակողմ հանդիպումը չկայացավ եւ սեղանի շուրջ չորսն էին, իսկ Ալիեւը հարկ չէր համարել մեկնել Գրանադա:

Ընդ որում, Ադրբեջանի նախագահը իր չմեկնելու պատճառ էր որակել Ֆրանսիայի դիրքորոշումը, ասելով, որ Ֆրանսիան անաչառ չէ: Լոնդոնյան գագաթնաժողովը տեղի է ունենում Եվրոպայի համար հատկանշական պրոցեսների ֆոնին եւ զարմանալի չի լինի, եթե այդ պայմաններում որեւէ եվրոպական խաղացող չհայտնի Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն: Եվրոպայում տեղի է ուենում ուժերի վերադասավորում: Եվրոպան կարծես թե «բաժանվում» է ձախ եւ աջ բեվեռների, եվրոպական կենտրոնը զգալիորեն «թեթեւանում» է:

Հնարավոր է, որ նաեւ այդ պատճառով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացում ակտիվացավ Վաշինգտոնը, որը մինչ այդ կարծես թե այդ գործառույթը «պատվիրակել» էր Եվրամիությանը: Այժմ Եվրամիությունն ըստ ամենայնի չունի այդ լիազորությունն իրացնելու ներուժ եւ այդ իսկ պատճառով իրավիճակը փորձել է իր ձեռքը վերցնել Վաշինգտոնը, որտեղ օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ պետքարտուղարր Բլինքենի հովանու ներքո:

Հատկանշական է, որ դրա ավարտից հետո հայտարարվեց, որ կողմերը հայտնել են աշխատանքը շարունակելու պատրաստակամություն, սակայն չի խոսվել առաջնորդների մակարդակով հնարավոր մոտալուտ հանդիպման մասին: