15/01/2025

Ոստիկանության թուլությունը, ինչ եղավ, ինչը պետք է կանխվի

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նույն հուլիսի 18-ին լրահոսում հայտնվեց Հայաստանում մահվան ելքով հերթական «ռազբորկայի» մասին տեղեկությունը: Սեւանի ափամերձ հյուրանոցներից մեկում մի խումբ մարդկանց միջեւ տեղի ունեցած քաշքշոցի հետեւանքով սպանվել է 36-ամյա երիտասարդ, այն էլ իր 7-ամյա երեխայի աչքի առաջ:

Միջադեպին առնչություն է ունեցել նաեւ քրեական հեղինակություններից մեկի որդին: Որքան հաճախ է խոսվում ոստիկանության բարեփոխման մասին, որքան հաճախ է ի ցույց դրվում այդ բարեփոխման արտաքին կողմը, այնքան ավելի հաճախ են հայաստանյան լրահոսում հայտնվում Երեւանում եւ տարբեր այլ քաղաքներում զանազան հաշվեհարդարների, ծեծկռտուքների, դրանց ընթացքում դանակահարությունների եւ սպանությունների մասին տեղեկությունները:

Ընդ որում, խոսքը վերաբերում է տարիքային տարբեր խմբերի, անգամ դեռահասների մասնակցությամբ պարբերական միջադեպերի:

Հայաստանյան լրահոսը թույլ է տալիս եզրակացնել, որ տեղի է ունեցել կամ տեղի է ունենում հանրության քրեականացման եւ «վայրիացման» գործընթաց, ընդ որում թե օպերատիվ ռեժիմի, թե ընդհուպ՝ հասարակական հարաբերությունների մշակույթի մակարդակում: Սա ազգային անվտանգության սպառնալիք է, որը պահանջում է պետական քաղաքականության լուրջ միջամտություն:

Ոստիկանության բարեփոխումը չի կարող արտահայտվել միայն փաթեթի փոփոխությամբ: Հանրային վստահություն վայելելու համար այն պետք է դրսեւորվի հանրային կյանքում շոշափելի փոփոխությամբ, մասնավորապես այդ կյանքից քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու իրական աշխատանքով:

Իհարկե այդ աշխատանքը պետք է ենթադրի ոչ միայն աներկբա եւ անվրեպ պատիժ, այլ նաեւ կրթա-քարոզչական աշխատանք: Հայաստանի կառավարող մեծամասնությունը 2019 թվականին հանրությանը շռնդալից կերպով մատուցեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը, որի ընդունումից հետո սակայն երկրում այդ ենթամշակույթը ոչ միայն չի եղել արմատախիլ, չի դարձել խիստ մարգինալ, ծածուկ, այլ ըստ էության նույնիսկ ստացել է թե փողոցային, թե անգամ «մշակութային» լայն դրսեւորումներ:

Ենթամշակույթը իսկապես վերանում է, քանի որ այն վերածվում է արդեն լիարժեք մշակույթի: Ձնագնդին պետք է կասեցվի, քանի դեռ ուշ չէ: