13/12/2024

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը կարևորել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու որոշումները։

«ԵՄ խորհուրդն ընդունել է երկու կարևոր որոշում, որ կնպաստեն Հայաստանի հետ գործընկերության հետագա զարգացմանը: Մենք առաջին անգամ ընդունել ենք որոշում Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ավելին, կանաչ լույս ենք վառել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար»,- հայտարարել է Բորելը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ընդունել Հայաստանի կողմից այդքան երկար սպասված երկու որոշումները, որոնք կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով նաև Հարավային Կովկասում առկա լարված իրավիճակը»,- հավելել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը:

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ողջունել է ԵՄ Խորհրդի կողմից Հայաստանի Զինված ուժերին աջակցության միջոցառման ընդունումը։

«Սա առաջին դեպքն է, երբ Եվրամիությունը որոշել է աջակցել Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Սա կարևոր քայլ է, որն ուղղված է երկրի դիմակայունության բարձրացմանը»,- ասել է նախարարն X-ի միկրոբլոգում։