Ծաղկաձորի համայնքապետարանը որոշել է այս անգամ էլ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի` Ոսկան Եղիազարյանի համար նոր ծառայողական էլեկտրական ավտոմեքենա ձեռք բերել: Քաղաքապետի այս որոշումը հուլիսի 12-ին հաստատել է ավագանին:
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ոսկան Եղիազարյանից հետաքրքրվեցինք, կա՞ր արդյոք ծառայողական մեքենա, այն էլ թանկ էլոկտրոմոբիլ, ձեռք բերելու անհրաժեշտություն եւ քանի ծառայողական մեքենա ունի այս պահին համայնքապետարանը.
«Միանշանակ: 2 ծառայողական մեքենա ունի համայնքապետարանը, էնպես չի, որ այդ մեքենաները հենց ինձ ու Հարությունյանի համար են ծառայում, ողջ համայնքապետարանի աշխատակիցների համար էլ են ծառայում: Համայնքը մեծ է, մոտ 40կմ երկարություն ունի, մեքենաներն էլ այնքան հնամաշ են, խնդիր են ստեղծում, ու այս էլեկտրոմեքենան ձեռք ենք բերում նրա համար, որ ընթացիկ ծախսերը կրճատվի: Մոտավոր հաշվարկել ենք էլեկտրական ավտոմեքենան մեր վրա տարեկան 4 հազար դոլարի խնայողություն է բերում, քանի որ մենք մեր գյուղական համայնքապետարաների վրա ունենք տեղադրված արեւային կայաններ, ու ստացվում է, որ մենք այդ մեքենան շահագործում ենք շատ էժան, համարյա՝ ձրի»:
Ավագանու նիստում նաեւ քննարկման է դրվել համայնքապետարանի մեկ այլ ծառայողական մեքենայի աճուրդային վաճառք կազմակերպելու հարցը, որքան գումար եք սահմանել այդ մեքենան վաճառելու համար: Դա վաճառում եք, որ նո՞րը գնեք: Որքան գումար եք նախատեսել նոր մեքենան ձեռք բերելու համար.
«2մլն դրամ է սահմանվել վաճառքի գինը, վթարված մեքենա է: Իսկ նոր մեքենայի գինը դեռ չենք որոշել, դա ընդամենը ավագանիով անցել է, ո՛չ մի որոշում չկա, ո՛չ էլ մրցույթ է հայտարարվել: Մենք շատ բարձրակարգ մեքենաների հետեւից չենք ընկնում, մենք նայում ենք, որ որակյալ լինի: Դեռ չենք ուսումնասիրել ավտոշուկան, երբ որ կուսումնասիրենք ու կհասկանանք` ինչ արժեքից է սկսվում, ինչ կարգի մեքենա է մեզ պետք, որը կծառայի մեր պայմաններում, ըստ դրա՝ կորոշենք: Եթե շատ թանկ լինի, չենք հայտարարի, եթե նորմալ գին լինի՝ կհայտարարենք»:
Հիշեցնենք, որ վերջերս Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը 17 մլն 600 հազար դրամ արժողությամբ 2023 թվականի արտադրության Տոյոտա Քեմրի 2.5լ Էլեգանս մակնիշի ծառայողական ավտոմեքենա էր ձեռք բերել:
Բաց մի թողեք
Մոսկվան ադրբեջանցիներին սպանողներին կհանձնի՞ Բաքվի արդարադատությանը
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից