Նախկին ռեժիմն ու դրան սպասարկող քարոզչամեքենան նոր ուղղություն է վերցրել. 44-օրյա պատերազմի սանձազերծումն ու պարտությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ջեբը գցելու» նողկալի փորձերից զատ՝ այժմ էլ զբաղվում է «Մարտի 1»-ի ողբերգությունը նույն Նիկոլ Փաշինյանի «գլխին ջարդելու» փորձերով։
Ընդ որում, այդ գերզգայուն թեման կրկին ակտիվացավ հատկապես հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց «սրբազան» կոչվող շարժման աջակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո։ Նախ՝ շարժման ղեկավարությունն ու նրանց քարոզչական տրիբունները հավասարության նշան դրեցին «Մարտի 1»-ի և «հունիսի 12»-ի միջև, ապաև սկսեցին տիրաժավորել Նիկոլ Փաշինյանի՝ 2008 թ. արտաբերած, սակայն խեղաթյուրված խոսքը՝ նրանից փորձելով կերտել մի դեպքում՝ «ոստիկաններին ծեծելուց» «փառավորվող» ընդդիմադիր գործչի, մյուս դեպքում՝ իրեն ենթակա ոստիկաններին ցուցարարների վրա «քսի տվողի» կերպար։ Բայց, ինչպես կասեր «դասականը»՝ «չոր բանը մարդու վրա չի կպնում»։ Մեկ այլ դասական էլ կհավելեր՝ «զվարճալի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը»:
ԱԺ ՊՈՒ խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի սիրասուն սանիկ Հայկ Մամիջանյանն էլ, փաստորեն, որոշել է հետ չմնալ այս ցածրակարգ, ամոթալի խրախճանքից և իր բաժին անհեթեթությունները դուրս տալ Մարտի 1-ի և դրանում Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատարության մասին։ Նախօրեին հենց նրան էր վերապահվել Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված սրբազան պայքարի աջակիցներին զբաղեցնելու գործը, ուստի պարոն Մամիջանյանը որոշեց իրեն հատուկ արտիստիզմով «նաղլ» պատմել, որը լսելուց հետո, համոզված ենք, Սերժ Սարգսյանը հաստատ քահ-քահ ծիծաղել է ու երևի վրա բերել՝ «Սանիկ, փաստորեն կարգին էլ ստեղծագործում ես, մալադեց, 20»։
Ըստ նաղլչի Հայկոյի. «Չկա մարդ, որի համար մարտի 1-ը սև էջ չլինի, բայց մարտի 1-ն ու հունիսի 12-ն ունեն մեկ խիստ առանցքային ընդհանրություն։ Երկու պարագայում էլ՝ թե՛ զոհերի, թե՛ մարդկանց առողջությանը պատճառված վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Մարտի 1-ին, որպես ցուցարար, իսկ հունիսի 12-ին, որպես վարչապետի աթոռին նստած մարդ։ Ես խորը ցավ եմ ապրում, երբ Մարտի 1-ին զոհվածների հարազատները, հույս ունեմ անգիտակցաբար, չեն մատնանշում, թե ով ա եղել էդ օրվա իրական մեղավորը, այդ օրվա զոհերի իրական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ու ոչ մեկ ինձ հեքիաթ չպատմի, ես անձամբ եմ լսել, թե ինչպես ինքը իրեն ողջունող մարդկանց պատասխանում էր ցինիզմով՝ «ի՜նչ եք ծափ տալի, քարեր ու փայտեր վերցրեք, զինվեք»։ Շատ ափսոս, որ դա կադրերում չկա, բայց կադրերւմ կա իրա հոգու փառավորվելը ոստիկանների նկատմամբ իրականացված գործողություններից…»։ Սերժ Սարգսյանի սանիկը, փաստորեն, սենսացիոն հայտարարություն է արել մարտի 1-ի գործի վերաբերյալ՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին վերագրելով հայտարարություն, որը, փաստորեն, չի ձայնագրվել, սակայն լսել է անձամբ ինքը՝ Մամիջանյանը։ Ակնկալում ենք, որ իրավապահները ընթացք կտան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի այս վկայությանն ու նրան կհրավիրեն ցուցմունք տալու։ (Սակայն ինչ-որ մի բան հուշում է մեզ, որ քննչական մարմիններ հրավիրվելուց հետո կպարզվի, որ Մամիջանյանն ընդամենը զբաղված է էժանագին զրպարտախոսությամբ՝ սրբազան շաժման «մասսայի» հականիկոլական տոնուսը բարձր պահելու համար)։
Այժմ դառնանք Սերժ Սարգսյանի սանիկի այն դիտարկմանը, թե ««Մարտի 1»-ի 10 զոհերի իրական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է», որի մասին չեն հայտարարում զոհերի հարազատները։ Ասվածը, թերևս համաձայնեք, ցինիզմի, անբարոյականության «բարձր պիլոտաժ» է, և Մամիջանյանի խոսքի հասցեատերերը, ենթադրում ենք, առիթ կունենան սրան արձագանքելու։ Ի՞նչ է ստացվում ՀՀԿ-ական պատգամավորի ասածից՝ որ Նիկոլ Փաշինյանն է հրազեն, հատուկ միջոցներ կիրառել ու մահ պատճառել ոստիկանության ծառայողներին ու ցուցարարներին։ Ու չգիտես ինչու, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կրնկի տակ գործած իրավապահ մարմինները, որոնք 10 տարի քննել են Մարտի 1-ի գործը, չեն «ֆայմել» Փաշինյանին մեղադրանք առաջադրել սպանությունների համար, բռնել ու մեղադրանք են առաջադրել մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նկատենք, սակայն, որ մեղադրանքի երկրորդ մասով Փաշինյանն արդարացվել է, իսկ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով։ Եվ հիմա, փաստորեն, հայտնվել է Մամիջանյանի պես մեկը, որը որոշել է վերաորակավորել Փաշինյանին առաջադրված մեղադրանքն ու նրան մեղսագրել նաև սպանությունների կազմակերպումը, մի բան, որը չի արել նույնիսկ նախկին իրավապահ համակարգը՝ դատախազներ Աղվան Գառնիկիչի, Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ։ Ի դեպ, նշենք, որ դեռ 2010-ին Մամիջանյանի ավագ կուսակից Սամվել Նիկոյանը, որը ԱԺ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողվի նախագահն էր, հայտարարել էր.«Հանցագործությունը բացահայտված է, ովքեր են կիրառել հատուկ միջոցները («Չերյոմուխա»), և գիտենք այն շրջանակները, որոնց գործողությունների արդյունքում, ասենք, վիրավորներ կան և զոհեր կան։ Բայց այն, որ մենք կոնկրետ պետք է կարողանայինք ճշտեինք՝ ում գործողությունների արդյունքում է կոնկրետ անձը սպանվել, մահ պատճառվել նրան՝ այ դա չկարողացանք»: Փաստորեն, Սամվել Նիկոյանը և ողջ հանձնաժողովն ու իրավապահ համակարգը հեքիաթ պատմելով են զբաղված եղել, քանի որ որպես մարդասպան չեն նշել Նիկոլ Փաշինյանի անունը։ Ի դեպ, այդ օրերին նախաքննական մարմինը թախանձում էր, որ հանրությունն իր աջակցությունը ցուցաբերի ողբերգական այդ օրվա դեպքերի պատկերը լիարժեքորեն վեր հանելու համար, տեսնես Մամիջանյանն անսացել՞ է այդ թախանձանքին, իր՝ քիչ վերը նշված վկայությամբ կիսվե՞լ է իրավապահների հետ։ Դժվար թե, այդ ժամանակ Մարտի 1-ի թեմայով «բլբուլ կտրելը» մոդա չէր։
Ինչևէ։ «Սրբազան շարժման» կազմկոմիտեի, մարտի 1-ի թեման անընդհատ ու անհաջող ծամծմող Բագրատ Գալստանյանի և հայկմամիջանյանների համար համապարփակ ու խորացված «լիկբեզ» իրականացնենք՝ նշելով, որ Մարտի 1-ի 10 զոհերից 3-ի մահվան պատճառը եղել է ոստիկանության կողմից «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառումը։ Այդ գազային նռնակների փամփուշտներից զոհվել են Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը և Տիգրան Խաչատրյանը։ Նիկոյանի գլխավորած հանձնաժողովն էլ իր եզրակացության մեջ նշել է, թե դրանք հավանաբար կիրառվել են կամ մարդկանց կուտակումների, կամ բետոնե պատերին, այլ պատնեշներին կամ արգելապատնեշներին կրակելու արդյունքում տեղի ունեցած անդրադարձի հետևանքով։ Իմիջիայլոց, հանձնաժողովի 2009 թ. նիստերից մեկում, ի պատասխան հանձնաժողովականներից մեկի հարցին, թե ինչպես կարելի է բացատրել «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառման հետևանքով մարդկանց զոհվելու հանգամանքը, ՀՀ ոստիկանության նախկին պետ, այժմ հանգուցյալ Հայկ Հարությունյանը պատասխանել էր՝ եթե մոտ տարածությունից դրանով կրակեն մարդկանց ուղղությամբ, ապա կարող են վնաս պատճառել։ Շարունակելով միտքը՝ Հարությունյանը հավելել էր. «Միգուցե ճիշտ անկյան տակ չեն կիրառել, միգուցե հրմշտոց է եղել, քանի որ այդ ժամանակ խառնաշփոթ իրավիճակ է տիրել»։
«Այն հանգամանքը, որ արցունքաբեր գազ արտանետող այդ փամփուշտները կիրառվել են նախատեսված անվտանգության կանոնների խախտմամբ, վկայում է նաև այն փաստը, որ դրանց օգտագործման ընթացքում արտանետված գազից թունավորվել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել նաև ոստիկանության զորքերի 11 զինծառայող»,- նշված է հանձնաժողովի եզրակացության մեջ, որը կարող են աչքի անցկացնել բոլոր նրանք, ովքեր հաջորդ անգամ կփորձեն հավասարության նշան դնել «Մարտի 1»-ի ու հունիսի 12-ի միջև և մասնավորապես 10 զոհերի մեղավոր կարգել Նիկոլ Փաշինյանին։
Մարտի 1-ի մյուս 7 զոհերը՝ Տիգրան Աբգարյան, Դավիթ Պետրոսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան,Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան, մահացել են հրազենից արձակված կրակոցի հետևանքով։ ՀՀ ՈԶ հրամանատար, ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանն էլ մահացել է պայթուցիկ սարքի պայթյունից զույգ ստորին և վերին վերջույթների, կոնքի, որովայնի և աճուկի շրջանում ստացած բազմաթիվ բեկորային վնասվածքներից։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին